Armenian text to speach

Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի ընտրությունները․ «Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ավարտվել է Պետական դումայի ընտրությունների եռօրյա քվեարկությունը։ Նախնական տվյալներով՝ ձայների ավելի քան 87 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է՝ մոտ 57.9 տոկոս արդյունքով։

Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունն է՝ 13.84 տոկոսով։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 8.86 տոկոս, իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7.94 տոկոս ձայն։

5 տոկոսի ընտրական շեմը նախնական տվյալներով չեն հաղթահարել «Արդար Ռուսաստան»-ը՝ 4.95 տոկոս, «Կենսաթոշակառուների կուսակցությունը»՝ 2.07 տոկոս, «Կանաչները»՝ 1.12 տոկոս, «Ռուսաստանի կոմունիստները»՝ 0.86 տոկոս, «Ռոդինա»-ն՝ 0.73 տոկոս և «Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը»՝ 0.34 տոկոս։

Քվեարկությանը մասնակցությունը կազմել է շուրջ 56.7 տոկոս։ Վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է հրապարակել սեպտեմբերի 25-ից ոչ շուտ։

Ընտրությունների ընթացքում հաղորդվել են բազմաթիվ խախտումների մասին

Քվեարկության ընթացքում անկախ դիտորդներն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ են տարածել։ Դրանց զգալի մասը վերաբերել է դիտորդների՝ ընտրատեղամասեր մուտք գործելու սահմանափակումներին, նրանց աշխատանքին խոչընդոտելուն, նկարահանումների արգելքին և ընտրատեղամասերից հեռացման դեպքերին։

«Настоящее время»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի երեկոյի դրությամբ անկախ դիտարկման հարթակը ստացել էր շուրջ 880 բողոք ընտրախախտումների վերաբերյալ, որոնց գրեթե մեկ երրորդը վերաբերել է դիտորդների աշխատանքին խոչընդոտելուն։

Սանկտ Պետերբուրգում «Յաբլոկո» կուսակցության դիտորդներից մեկին ընտրատեղամասից հեռացնելու ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տղամարդը միջադեպի ժամանակ կորցրել է գիտակցությունը, իսկ ավելի ուշ դատարանը նրան 2 հազար ռուբլի տուգանքի է ենթարկել ոստիկանության պահանջին չենթարկվելու համար։

Ընտրությունների ընթացքում տարբեր շրջաններից նաև հաղորդումներ են ստացվել քվեաթերթիկների հնարավոր լցոնումների և արդեն նշված քվեաթերթիկների տրամադրման մասին։ Որոշ դեպքերով ընտրական հանձնաժողովները հայտարարել են, որ ստացված տեղեկությունները ստուգվում են։

Մոսկվայում խնդիրներ են առաջացել թղթային քվեարկության հետ

Սեպտեմբերի 20-ին Մոսկվայի մի շարք ընտրատեղամասերում ժամանակավորապես դադարեցվել է թղթային քվեաթերթիկների տրամադրումը։ Ընտրական հանձնաժողովները պատճառը կապել են համակարգչային համակարգի խափանման հետ և քաղաքացիներին առաջարկել են քվեարկել էլեկտրոնային եղանակով։ Ավելի ուշ թղթային քվեաթերթիկների տրամադրումը վերականգնվել է։

Միաժամանակ, ընտրությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 18-ին, էլեկտրոնային քվեարկության համակարգում գրանցված ընտրողների մոտ 49 տոկոսը արդեն մասնակցել էր քվեարկությանը։ Ընտրական գործընթացը դիտարկող որոշ վերլուծաբաններ այս ցուցանիշը գնահատել են որպես հնարավոր կազմակերպված կամ հարկադրված մասնակցության ցուցիչ։

Ռուսաստանի տարբեր շրջաններում պետական և բյուջետային ոլորտի աշխատակիցներին ընտրություններին մասնակցելու ուղղությամբ ճնշումների մասին ևս հաղորդումներ են եղել։ Մասնավորապես, որոշ դեպքերում կիրառվել են QR կոդերով համակարգեր՝ աշխատակիցների մասնակցությունը վերահսկելու նպատակով։

Քվեարկություն՝ Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում

Պետդումայի ընտրություններն անցկացվել են նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքներում։ Այս տարածքներում քվեարկության մասնակցության պաշտոնական ցուցանիշները զգալիորեն բարձր են եղել Ռուսաստանի մյուս շրջանների համեմատ։

Ռուսաստանը այս տարածքների բնակիչներին առաջին անգամ ներգրավել է Պետդումայի ընտրությունների գործընթացում։ Ուկրաինան և միջազգային հանրության մի շարք ներկայացուցիչներ նախկինում հայտարարել են, որ օկուպացված տարածքներում Ռուսաստանի ընտրությունների անցկացումն անօրինական է։

Ընդդիմության ակցիաները

Ընտրությունների վերջին օրը Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի նախաձեռնությամբ անցկացվել է «Կեսօր՝ խաղաղ Ռուսաստանի համար» ակցիան։ Դրա շրջանակում պատերազմի հակառակորդներին կոչ էր արվում սեպտեմբերի 20-ին՝ կեսօրին, միաժամանակ այցելել ընտրատեղամասեր։

Ռուսաստանի մի շարք քաղաքներում և արտերկրում գործող ընտրատեղամասերի մոտ հերթեր են ձևավորվել։ Այդպիսի դեպքեր արձանագրվել են նաև Երևանում, Ռիգայում և Բեռլինում։ Յաշինը նախատեսում էր մասնակցել Երևանում կայանալիք ակցիային, սակայն հայտնել էր, որ անվտանգության նկատառումներով Հայաստան չի մեկնի։

Ռուսաստանում անցկացված այս ընտրությունները Պետդումայի առաջին խորհրդարանական ընտրություններն են Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Անի Վարդանյան




Լրահոս