ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ սեպտեմբերի 18-ի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագրում որպես հիմք նշվում է վարչապետի առաջարկությունը։
Ո՞վ է Ալեքսանդր Արզումանյանը
Ալեքսանդր Արզումանյանը ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում։ Կրթությամբ մաթեմատիկոս է․ ավարտել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Մինչև քաղաքականություն մտնելը աշխատել է որպես ինժեներ-ծրագրավորող։
Նրա քաղաքական ճանապարհը սկսվել է 1988-ի Ղարաբաղյան շարժման տարիներին։ 1988-1990 թվականներին նա ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը և զբաղվել շարժման տեղեկատվական աշխատանքով։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի օգնական։
Անկախ Հայաստանի առաջին դիվանագետներից
1991 թվականին Արզումանյանը գործուղվել է ԱՄՆ՝ Հայաստանի նորաստեղծ դիվանագիտական ներկայացուցչությունները ձևավորելու նպատակով։ Շատ արագ նա հայտնվել է նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային պաշտոններում։
• 1992-1993 թթ.՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
• 1992-1996 թթ.՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ,
• 1996-1998 թթ.՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար։
Այսինքն՝ Արզումանյանը փաստացի պատկանում է այն դիվանագետների սերնդին, որոնք ձևավորեցին Հայաստանի առաջին արտաքին դիվանագիտական համակարգը։
1998․ հրաժարական՝ Տեր-Պետրոսյանի հետ
Արզումանյանի քաղաքական կենսագրության ամենանշանակալի դրվագներից մեկը 1998 թվականի հրաժարականն է։
1998-ի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում իր և իշխանության մյուս առանցքային ներկայացուցիչների միջև խորացած տարաձայնությունների ֆոնին։ Արզումանյանը ևս հրաժարական տվեց արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Այդ ժամանակ միջազգային մամուլը նրա հրաժարականը կապում էր Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը նրա աջակցելու հետ։
Դրանից հետո նա հեռացավ պետական պաշտոններից և երկար ժամանակ զբաղվեց քաղաքական ու հասարակական գործունեությամբ։
ՀՀՇ-ի ղեկավարից՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ
2000-2002 թվականներին Արզումանյանը ղեկավարել է Հայոց համազգային շարժման վարչությունը։ Հետագայում զբաղվել է մարդու իրավունքների, ժողովրդավարության և տարածաշրջանային համագործակցության թեմաներով։
Նա նաև եղել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը՝ 2001-2004 թվականներին։
2006 թվականին նրա քաղաքական գործունեության ընթացքում եղել է նաև ազատազրկման դրվագ․նա «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից էր և մի քանի ամիս ազատազրկվել է։
2008-ի նախագահական ընտրություններ և «Յոթի գործ»
Արզումանյանի քաղաքական կենսագրության հաջորդ կարևոր փուլը 2008 թվականի նախագահական ընտրություններն էին։
Նա դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետը։
2008-ի հետընտրական իրադարձություններից հետո Արզումանյանը ևս հայտնվեց քրեական հետապնդման և ազատազրկման մեջ`«Յոթի գործի» շրջանակում։ Ըստ հրապարակված կենսագրական տվյալների՝ նա ազատ է արձակվել 2009 թվականի հունիսին՝ համաներմամբ։
Պատգամավոր՝ «Ժառանգության» ցուցակով
2012 թվականին Արզումանյանը վերադարձավ խորհրդարանական քաղաքականություն՝ ընտրվելով ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով։ Եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հետագայում նա քաղաքական ճանապարհ է անցել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, իսկ հետո վերադարձել է ՀՀՇ-ի քաղաքական շրջանակ։
Եվ նորից՝ դիվանագիտական ծառայություն
Հետաքրքիր շրջադարձ է տեղի ունեցել 2017-ին․ տարիներ շարունակ ընդդիմադիր քաղաքական դաշտում գտնվելուց հետո Արզումանյանը կրկին վերադարձել է պետական դիվանագիտական ծառայության։
2017-2019 թթ.՝ Հայաստանի դեսպան Դանիայում և Նորվեգիայում։
2019-2023 թթ.՝ Հայաստանի դեսպան Շվեդիայում։
2023 թվականի սեպտեմբերից՝ Հայաստանի դեսպան Լեհաստանում։
Լեհաստանում նրա հավատարմագրերը ընդունվել են 2023 թվականի հոկտեմբերի 26-ին։
Եվ ահա 2026 թվականի սեպտեմբերի 18-ին նա հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Սոնա Գրիգորյան




























