Armenian text to speach

Շիրակի մարզում քաղաքացիները կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն իրականացվող միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Մարմարաշեն խճուղուց Աշոցք թաղամաս տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։

Քաղաքացու նշած վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի մեկփողանի որսորդական հրացան, նռնակի 14 պայթուցիչ,
ծխահան և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Գյումրիի գերեզմանատան հարակից կիսաքանդ շինության մոտ, որտեղ էլ համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմբուկավոր և գազային ատրճանակներ, նռնակ, ինքնաձիգի պահեստատուփ՝ 3 փամփուշտով, տարբեր տրամաչափի 68 փամփուշտ և ծխահան։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Նոյեմբերի 18-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ամասիա-Բանդիվան ճանապարհի հարակից մատուռի մոտ։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։




Մամուլի Տեսություն

Լրահոս