Armenian text to speach

Թուրքիայի զինված ուժերը դուրս կգան Իրաքի հյուսիսում գտնվող ռազմաբազայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան և Իրաքը համաձայնության են եկել Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա-Զիլկան ռազմակայանի վերահսկողությունը փուլ առ փուլ Իրաքի կառավարությանը փոխանցելու շուրջ։ Ռազմակայանում թուրքական զորքեր են տեղակայված 2015 թվականից։

Որոշման մասին հայտարարվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Թուրքական զորքերի դուրսբերման հստակ ժամկետ դեռևս չի սահմանվել։

Համաձայնագրի շրջանակում Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են Սինջարում ամրապնդել Իրաքի պետական իշխանությունը և դադարեցնել «արգելված օտարերկրյա զինված տարրերի» ներկայությունը։ Կողմերը նաև պայմանավորվել են խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Թուրքիան 2015 թվականին Բաշիքա-Զիլկանում ռազմական ներկայություն էր հաստատել՝ «Իսլամական պետության» դեմ գործողություններին աջակցելու և տեղի անվտանգության ուժերին օժանդակելու նպատակով։ Անկարան հետագայում հայտարարել է, որ ռազմակայանը կարևոր է նաև PKK-ի դեմ գործողությունների և Թուրքիայի ազգային անվտանգության ապահովման համար։

Բաշիքա-Զիլկանը թուրքական մի շարք ռազմական օբյեկտներից մեկն է Իրաքի հյուսիսում և գտնվում է Թուրքիայի սահմանից ամենահեռու հատվածում։

Միաժամանակ ԱՄՆ-ը նույնպես կրճատում է իր ռազմական ներկայությունն Իրաքում։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ երկրի հյուսիսում տեղակայված հարյուրավոր ամերիկացի զինվորականները նախատեսվում է դուրս բերել մինչև սեպտեմբերի 30-ը։

Անի Վարդանյան




Լրահոս