«Ժողովուրդ». Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ Կապանում Փարսյանի վերընտրությունը թույլ չտալու և համայնքապետի պաշտոնում իշխանական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կապանում իշխանական թիմից առաջադրվել է ԶՊՄԿ նախկին տնօրեն Նարեկ Բաբայանը, և իշխանությունները նպատակ ունեն ամեն ինչ անել՝ համայնքում քաղաքական իշխանափոխություն ապահովելու համար։ Թե որքանով կհաջողվի իշխանություններին իրականացնել իրենց ծրագրերը, և ինչպիսի արդյունք կունենա ընտրապայքարը, այս պահին դժվար է կանխատեսել։
«Ժողովուրդ». Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում .
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում այս օրերին իրականացվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, ըստ էության, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ վարչապետը հանձնարարել է մինչև վերջ գնալ և քանդել ապօրինի համարվող կրպակները՝ անկախ դրանց սեփականատերերի ինքնությունից և կապերից։ Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր շարունակված թեժ վիճաբանություններից հետո ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին։
Նրան տեղեկացրել են տարածքում առկա կրպակների և դրանց ապամոնտաժման շուրջ առաջացած խնդիրների մասին, ինչից հետո, մեր տեղեկություններով, հնչել է հրահանգ՝ գործընթացը հասցնել ավարտին՝ առանց բացառությունների։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանությունները նաև ուսումնասիրում են, թե նախկինում ովքեր են տրամադրել այդ կրպակների տեղադրման թույլտվությունները, ինչ հիմքերով են դրանք տրվել, և ովքեր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Սակայն պատմությունն այսքանով չի սահմանափակվում։ Աջափնյակում կրպակների ապամոնտաժման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներորդուն պատկանող բենզալցակայանը։
«Հրապարակ»․ Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․
Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։ ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել:
Օրինակ, Արթիկում ավագանու թեկնածուների նկատմամբ` անձնագրայինից տեղեկանքներ ստանալուց անմիջապես հետո, ճնշումներ են սկսվել: Մարդկանց վախեցրել են, թե աշխատանքը կկորցնեն, ընտանիքի օրվա հաց չեն կարողանա վաստակել եւ այլն։ Վարչական ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին ճնշելու վրա, ընդհուպ մինչեւ անգամ սոցցանցերում ընդդիմադիրների հրապարակումների տակ լայքողներին են ճնշում։ Այնուամենայնիվ, Արթիկում ընդդիմությունը հաղթելու շանսեր ունի։ Մյուս համայնքներում ընդդիմությունը ներկայացված չէ` Ախուրյանում չի առաջադրվել, միայն ՔՊ-ն է առաջադրվել:
«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել․
Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել: Իջեւանից մեզ ասացին, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին եւ սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել եւ հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջեւանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է:
«Իրավունք». «Մի «պրապուսկատ», սաղ թիմն ա պատասխան տալու».
Փաշինյանը զգուշացրել է «Հոկտեմբերի 25-ը մեզ համար վճռորոշ է, հլու ու մի մարզում մի «пропускать» սաղ թիմն ա պատասխան տալու։ Ոչ մեկ ձեռները ծալած չնստի։
Ընդդիմությունը պիտի ժողովրդի ապտակը ստանա»,-ասում են՝ ՔՊ վերջին նիստում զգուշացրել է Փաշինյանը թիմակիցներին:























































































