Տասն օրվա ընթացքում Սև ծովում անօդաչուները հարձակվել են վեց առևտրային նավերի վրա, ինչի հետևանքով զոհվել են նավաստիներ, իսկ մի քանի մարդ համարվում է անհետ կորած։ Հարվածները տեղի են ունեցել Բուլղարիայի և Ռումինիայի ափերի մոտ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների տարածքային ջրերի մոտ, գրում է The Guardian-ը։
Իրավիճակի սրացումը սպառնում է նավագնացությանը, ուկրաինական հացահատիկի արտահանմանը և տարածաշրջանի անվտանգությանը։
Նկարագրված միջադեպերից առաջինը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բյալա քաղաքից մոտ 130 կիլոմետր հեռավորության վրա։ Ռումինական Սուլինա նավահանգիստ ուղևորվող թուրքական Alfa Watan նավը ենթարկվել է ենթադրաբար ռուսաստանյան օդային և ծովային անօդաչուների հարձակմանը։ Դեպքի վայր ժամանած բուլղարական Dioscuria լաստանավը հայտնաբերել է շրջված փրկարարական նավակ և փրկարարական բաճկոններ, սակայն անձնակազմի տասը անդամներին չի գտել։
Վեց օր անց անօդաչուները բուլղարական ափերի մոտ հարձակվել են ևս մեկ նավի՝ HS Dignity-ի վրա։ Զոհվել են անձնակազմի 11 անդամները։ Ավելի ուշ հարձակումները տարածվել են նաև Ռումինիայի օդային տարածքի և տարածքային ջրերի վրա։ Wine Trader և Yara J քիմիական լցանավերը խոցվել և հրդեհվել են, ևս յոթ նավաստի անհետ կորած է համարվում։ Հարձակման ենթարկված մյուս նավերի թվում էին Able-ը և Chelsea-3-ը։
Վերլուծաբանների գնահատմամբ, հաճախացած հարվածները ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ծովային հակամարտության կտրուկ սրում են առաջացրել։ Ambrey ապահովագրական ընկերությունն ու վերլուծական կենտրոնը զգուշացնում են, որ բեռնատար նավագնացության, այդ թվում՝ հացահատիկի և նավթի փոխադրումների համար սպառնալիքները պահպանվում են, իսկ Սև ծովով նավարկությունների ապահովագրության արժեքը կտրուկ աճել է։
Ambrey-ի ավագ վերլուծաբան Թոմաս Ալեքսան նշում է, որ հարձակումների ինտենսիվությունը հուլիսից զգալիորեն աճել է։ Ընկերության գնահատմամբ, հարձակումների շուրջ 80%-ը կարող է բաժին ընկնել ռուսաստանյան ուժերին։ Նրա կարծիքով, նավաստիների շրջանում կորուստները խորացնում են միաժամանակ օդային և վերգետնյա անօդաչու սարքերի կիրառմամբ իրականացվող հարձակումները։ Վերջիններս կարող են կրել մինչև կես տոննա պայթուցիկ, իսկ փոքր նավերը, որոնք հիմնականում օգտվում են դանուբյան ջրանցքային համակարգից, արագ խորտակվում են։
Ալեքսան կարծում է, որ Ռուսաստանի նպատակը ուկրաինական հացահատիկի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կրճատելն է։ Սպառնալիքների ֆոնին ուկրաինական նավահանգիստներ մտնող նավերի թիվը կտրուկ նվազել է։ Սեփականատերերն ու անձնակազմերը գնալով ավելի նվազ ցանկությամբ են աշխատում Սևծովյան ավազանում, նույնիսկ եթե նրանց նավերը ուկրաինական բեռներ չեն տեղափոխում։
Հրապարակման համաձայն, 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից Սև ծովում զոհվել է ավելի քան 60 նավաստի, ընդ որում այդ մահերի մեծ մասը գրանցվել է վերջին տարում։ Սեպտեմբերին Լոնդոնի ապահովագրական շուկան ներկայացնող Միավորված ռազմական կոմիտեն ընդլայնել է վտանգավոր շրջանների ցանկը՝ դրանում ներառելով ամբողջ Սևծովյան ավազանը՝ բացառությամբ Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Վրաստանի տարածքային ջրերի։
Հակամարտության ընդլայնմանը նպաստում են նաև Ռուսաստանի ստվերային նավթային լցանավերի նավատորմի դեմ Ուկրաինայի հարվածները։ Փորձագետների կարծիքով, ի պատասխան Ռուսաստանն ուժեղացրել է ուկրաինական գյուղատնտեսական բեռների վրա հարձակումները, որոնք Կիևի եկամուտների կարևոր աղբյուր են։ Քանի որ նավերը փորձում են ավելի հեռու մնալ ափերից, սպառնալիքների բնույթը փոխվում է․ ծովային ականների փոխարեն ավելի մեծ վտանգ են ներկայացնում մեծացված հեռահարությամբ անօդաչու սարքերը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Alfa Watan-ի խորտակումից հետո հայտարարել է, որ առևտրային նավերն ու նրանց անձնակազմերը դառնում են հարձակումների թիրախ, որոնց հետևանքով արդեն մարդիկ են զոհվել։
Բուլղարական իշխանությունները տեղի ունեցողն անվանել են անընդունելի և կոչ արել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին օգնել ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում։ Սոֆիան նաև մտադիր է համակարգել գործողությունները Թուրքիայի և Ռումինիայի հետ։ Միևնույն ժամանակ բուլղարացի պաշտոնյաները հայտարարում են, որ առայժմ չունեն համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան պատասխանատվությունը վերագրել կողմերից մեկին։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը նշել է, որ թեև վերջնական ապացույցներ չկան, հարձակումների հետևանքներն օբյեկտիվորեն ձեռնտու են Ռուսաստանին։
Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Սև ծովի անվտանգությունը քննարկել է Ռադևի և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը կշարունակի սերտ համագործակցել տարածաշրջանի դաշնակիցների հետ և անհրաժեշտության դեպքում կճշգրտի զսպման և պաշտպանության միջոցները։
Սպառնալիքների ֆոնին քննարկվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի գործարկման հնարավորությունը, որը նախատեսում է դաշնակիցների խորհրդակցություններ, եթե նրանցից մեկը կարծում է, որ իր անվտանգությունը վտանգված է։ Ավելի վաղ այն կիրառվել էր Ուկրաինայի պատերազմի առնչությամբ, այդ թվում՝ 2025 թվականին ռուսաստանյան անօդաչու սարքի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելուց հետո։
Սրացումը նաև մեծացնում է նոր գլոբալ պարենային ճգնաժամի ռիսկը։ Ուկրաինան, Ռուսաստանը և Ռումինիան հացահատիկ արտահանող խոշոր երկրների թվում են, իսկ Սև ծովը կարևոր դեր է խաղում համաշխարհային շուկա պարենամթերքի մատակարարումների մեջ։
«Մենք Սև ծովը դիտարկում ենք որպես գլոբալ պարենային զարկերակ», — Վարշավայում անվտանգության համաժողովում հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Օանա Ցոյուն։ Նա նշել է, որ վերջին ամիսներին այս տարածաշրջանը դարձել է նավաստիների համար ամենամահաբերներից մեկը, և կոչ է արել ավելացնել զսպման և պաշտպանության մեջ ներդրումները։
ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության ծովային անվտանգության բաժնի տնօրեն Դամյեն Շևալիեն զգուշացրել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին հարձակումները երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում նավագնացության համար։ Ըստ նրա, նավաստիները բախվում են վտանգների, որոնց համար պատրաստված չեն եղել, իսկ առևտրային նավագնացությունն ավելի ու ավելի հաճախ է դառնում աշխարհաքաղաքական ճնշման գործիք։



























