Armenian text to speach

Բռնnւթյուն գործադրած անձանց՝ պարտադիր ռեաբիլիտացիա․ ընտանեկան բռնության մասին նոր նախագիծը՝ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում։

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ Նախագիծը երկուշաբթի օրը կքննարկվի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Որպես հարակից զեկուցող հանդես կգա ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախագծով առաջարկվում է վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության սահմանումները, կատարելագործել բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմները և նախատեսել բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրերում ընդգրկելու պարտադիր պահանջ։

ArmԼur.am-ը տեղելացավ, որ օրինագծով առաջարկվում է հստակեցնել ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության սահմանումները։ Մասնավորապես, հոգեբանական բռնության դրսևորումների շարքում առաջարկվում է ներառել այլ անձանց հետ հաղորդակցությունը դադարեցնելուն կամ սահմանափակելուն հարկադրելը, ինչպես նաև անձի հաղորդակցությունը կամ վարքագիծը վերահսկելը։

Առաջարկվում է նաև վերանայել ֆիզիկական բռնության սահմանումը և դրանում հստակեցնել ընտանիքի անդամների, զուգընկերների և նախկին զուգընկերների միջև բռնության դրսևորումները։

Նախագծով նախատեսվում է, որ բռնության կրկնման կամ շարունակման անմիջական վտանգի հիմնավոր ենթադրության առկայության դեպքում ոստիկանության իրավասու ծառայողը անհետաձգելի միջամտության որոշում կկայացնի դեպքի մասին տեղեկանալուց հետո՝ առավելագույնը վեց ժամվա ընթացքում։

Բացի այդ, ընտանեկան և կենցաղային բռնության առերևույթ հատկանիշների հայտնաբերման դեպքում առաջարկվում է առերևույթ հանցագործության մասին հաղորդումը քննչական մարմին ներկայացնել առավելագույնը ութ ժամվա ընթացքում։

Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը նախատեսվում է սահմանել 20-25 օր։ Եթե այդ ընթացքում դատարանում քննվում է պաշտպանական որոշման դիմում կամ բռնության փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ, որոշման գործողությունը որոշակի պայմաններով կպահպանվի մինչև համապատասխան դատավարական որոշման ընդունումը։

Նախագծով նախատեսվում է նաև, որ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներով սահմանված սահմանափակումներից առնվազն մեկը պարտադիր պետք է կիրառվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բռնության ենթարկված անձը տեղափոխվել է ապաստարան։

Օրինագծի առանցքային դրույթներից է բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագրին մասնակցելու պարտականության սահմանումը։

Անհետաձգելի միջամտության որոշման դեպքում անձը պարտավոր կլինի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպություն։ Ծրագրի տևողությունը կսահմանի համապատասխան կազմակերպությունը։

Նույն պարտականությունը նախատեսվում է նաև դատարանի կողմից կայացվող պաշտպանական որոշումների դեպքում։

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց համար նախատեսված աջակցության կենտրոնների և ապաստարանների միասնական անվճար թեժ գծի անընդհատ և մատչելի հասանելիությունը։

Նախատեսվում է հրապարակել թեժ գծի հեռախոսահամարը և կապի այլ միջոցները, մշակել ծառայության անվտանգության ուղեցույց, որակի գնահատման մեթոդաբանություն, ինչպես նաև անձնակազմի իրազեկման և վերապատրաստման ծրագիր։

Առանձին շեշտադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի օգնություն ապահովելու անհրաժեշտությունը։

Նախագծով առաջարկվում է սահմանել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացահայտման և իրավասու մարմիններին հաղորդման կարգը, հիմքերն ու ժամկետները։

Օրինագծի ընդունման դեպքում դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Նախագծով առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նշենք նաև, որ նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է: Իսկ նախագիծը ԱԺ են ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս