Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազի գինը կբարձրանա՞. ի՞նչ որոշում կկայացվի և ի՞նչ է սպասվում սպառողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնական գազի հնարավոր թանկացման հարցը կրկին քննարկումների կենտրոնում է։ Թեև այս պահին սակագնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական որոշում չկա, իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ կառավարությունը նման սցենարի հնարավոր ազդեցություններն ուսումնասիրում է։

Հոկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա ունենալ 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն։ Միաժամանակ նա գազի թանկացումը խիստ անցանկալի է համարել՝ նշելով, որ այն Հայաստանի համար անելանելի իրավիճակ չի ստեղծի։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պահին գազի թանկացման վերաբերյալ որևէ ազդակ չկա, սակայն կառավարությունը հաշվարկում է տարբեր սցենարներ՝ հնարավոր զարգացումները կառավարելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ դեռ հունիսին նշել էր, որ Հայաստանը բնական գազը ստանում է գործող պայմանագրային գնով, և գործող պայմանագրերի հիմքով 2026 թվականի ձմռանը սակագնի փոփոխություն չի սպասվում։

Այնուամենայնիվ, հնարավոր թանկացման շուրջ անորոշությունը մտահոգություններ է առաջացնում հասարակության շրջանում։ Հարց է առաջանում՝ ռուսական գազի գնի փոփոխության դեպքում որքանո՞վ կբարձրանա Հայաստանի սպառողների համար սակագինը, հնարավո՞ր կլինի թանկացման բեռը չփոխանցել բնակչությանը, և ի՞նչ ազդեցություն կունենա այն կոմունալ վճարների, ապրանքների ու ծառայությունների գների վրա։

Այս հարցերի վերաբերյալ ArmLur.am-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պարզելու, թե արդյոք ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ից ստացել է բնական գազի սակագնի վերանայման հայտ, ինչպես նաև արդյոք ռուսական կողմը կամ «Գազպրոմ»-ը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է Հայաստանի համար բնական գազի վաճառքի գնի փոփոխության մասին։

ArmLur.am-ին, սակայն, չհաջողվեց ՀԾԿՀ-ից պատասխաններ ստանալ։ Հանձնաժողովի արձագանքը ստանալու դեպքում լրատվամիջոցը կհրապարակի նաև պաշտոնական պատասխանը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս