Ինչ է գրում մամուլը սեպտեմբերի 17-ին
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽՔ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ դրվագ է պատմել Մոսկվայում տեղի ունեցած մի միջադեպից՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը հյուրանոցում կոնֆլիկտի ժամանակ բռնել և քաշել է իր թևից։ Սիմոնյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ ինքը եղել է նաև այլ պատգամավորների հետ։ Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանն իրեն հարցրել է՝ կարո՞ղ է իրենց միանալ իր ընտանիքի, հայրիկի ընկերը, ինչից հետո ներս է մտել մի անձ, ում Սիմոնյանը, իր պնդմամբ, այդ պահին չի ճանաչել։ Հետագայում, ըստ Սիմոնյանի, պարզվել է, որ նա «շատ հայտնի քրեական հեղինակություն» է։
Սակայն Սիմոնյանը մինչև վերջ պահեց ինտրիգը՝ չհրապարակելով այն անձի անունը, որը, իր իսկ ձևակերպմամբ, համարձակվել էր բռնել անկախ երկրի ԱԺ նախագահի թևից։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել միջադեպի որոշ մանրամասներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը մոսկվայաբնակ Նորիկ Թևանյանի մասին է, որը հայտնի է նաև «Ախալքալակցի Նորո» անունով:
Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։
Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի:
Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ ծաղկում է, բարգավաճում։ Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն ընդունեցին անցած տարի՝ ընտրություններից առաջ, Փաշինյանն էլ դերասանություն արեց, թե` կներեք, եթե այսուհետ նույն ձեւով չվիրավորեմ մեր քաղաքական ընդդիմախոսներին: Նրանցից ոչ մեկի հարցը ՔՊ վարչությունը չի քննել, որեւէ մեկը նկատողություն չի ստացել, չի հեռացվել կուսակցությունից:
Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Հրապարակ»֊ի տեղեկություններով` ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հայրը սեռական կարիքները բավարարելու նպատակով բռնաբարել է անչափահաս աղջկան։
Տեղի ունեցածի հետ կապված մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ բռնարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական գործը քննվել է Քննչական կոմիտեում: Դեպքի վերաբերյալ մեզ ՔԿ-ից փոխանցեցին. «Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Ռուսաստանից ներկրվող գազի թանկացման թեման դուրս է կոմունալ սակագնի շրջանակից և կարող է շղթայական ազդեցություններով տարածվել տնտեսության գրեթե բոլոր շերտերի վրա։ Դա կարող է ազդել արտադրության ինքնարժեքի, գնաճի, մրցունակության, սոցիալական քաղաքականության և էներգետիկ անվտանգության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































