ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտարարել է, որ եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից և շարժվել դեպի Եվրամիություն, ապա կարող է զրկվել Ռուսաստանի հետ գործող արտոնյալ տնտեսական համագործակցությունից, այդ թվում՝ ռուսական գազի ցածր գնից։
Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես՝ իր դաշնակիցների և գործընկերների համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար գործող գազի արտոնյալ գինը հնարավոր է միայն ինտեգրացիոն նույն համակարգում գտնվելու պայմաններում։
«Այդպիսի ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար, խոսքը, իհարկե, Եվրամիության մասին է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը նաև հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է բազմիցս հայտարարել ռուսական գազի «շատ գրավիչ» և արտոնյալ գնի մասին։
Անի Վարդանյան






























