«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները. իշխանությունը նպատակ ունի նախագիծը հանրային քննարկման դնել արդեն նոյեմբերի վերջին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցով քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում, և առաջիկա կիրակի օրը նախատեսվում է վարչության արտահերթ նիստ՝ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի առանցքային թեմաներից մեկը կրկին լինելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, դրա առաջմղման ժամկետներն ու խորհրդարանական գործընթացի կազմակերպումը։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտին հասցնել նախագծի շուրջ ներքին քննարկումները։ Ըստ այդմ՝ իշխանության ներսում դիտարկվում է տարբերակ, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրությանը կներկայացվի մինչև տարեվերջ, իսկ առավել հավակնոտ ժամանակացույցի դեպքում՝ արդեն նոյեմբերի վերջին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրանից հետո իշխանությունը նախատեսում է նախագիծը դնել հանրային քննարկման, ապա այն ներկայացնել խորհրդարանական ընդդիմությանը և գործընթացը տեղափոխել Ազգային ժողով։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում հաշվարկում են, որ հնարավոր կլինի ընդդիմադիր պատգամավորներից 5-6-ի աջակցությունը ստանալ՝ նախագիծը խորհրդարանում առաջ մղելու համար։
«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ArmLur.am-ը գրել էր, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը և պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը։ Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու, իսկ Էդիկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Սակայն «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս երկու ձերբակալվածները, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրաբար այն անձինք են, որոնք գումար են փոխանցել քննություն հանձնելու ակնկալիքով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, քննություն հանձնելու համար գումար են փոխանցել, սակայն արդյունքում կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը։
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված
Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Պատճառն այն էր, որ դատավորի օգնականը դատավորի զուգընկերուհին է եղել, որի մասին ԲԴԽ-ին հայտնի է դարձել օգնականի մի հրապարակումից: Սա, ըստ օրենքի, անթույլատրելի շահերի բախում է: Նկատենք, որ Գիվի Հովհաննիսյանը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (2008–2022 թթ.)։ Այդ ժամանակահատվածում պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանի շահերը «Մարտի 1-ի» գործով։ 2022 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, որին 4 տարի անց հեռացրին դատական համակարգից։ Արդյունքում իրեն համակարգից հեռացնելու գործով նախկին դատավորը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ»։
Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը` հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք միջոցառումներին իր մասնակցությունն ու այցելությունները, այդ թվում COP-17-ի միջոցառումներին` բացառությամբ բացման եւ մեկի, որտեղ բանախոսել է: Մեր տեղեկություններով, նա նախագահական նստավայրում էլ հաճախ չի լինում: Խաչատուրյանը, հիշեցնենք, տեւական ժամանակ է վատառողջ է, վերջերս անգամ նրա արտաքինում էին մարդիկ փոփոխություններ նկատել: Իսկ երեկ «Դվին» համալիրում կայանում էր Մարդկային զարգացման համար The Prince Talal International Prize for Human Development 2025 թվականի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն ընթանալու էր «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո», սակայն նա ներկա չէր արարողությանը, չնայած բարձրաստիճան հյուրեր էին ժամանել` Իսպանիայի թագուհին, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը: Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր հյուրերին, ապա մասնակցում էր Դվինի միջոցառմանը»։
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում․ Ալեքսանդր Վադիմովիչ Ստերնիկը բարձրաստիճան դիվանագետ է, 2012-ից ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենն է, զբաղվում է Կենտրոնական Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) հետ հարաբերություններով: Աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ի հարցերով ՌԴ ներկայացուցչությունում: 2005-2011 թթ. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական, 2011-2012 թթ.՝ ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
Մանրամասները՝ տեսանյութում․




























