ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ կառավարության օրակարգում ընդգրկված է Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը։
Նախագծի համաձայն՝ Բերդի տարածաշրջանում տեղակայված ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց ու ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը կվերապահվի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ 2026 թվականի փետրվարի 5-ի N 122-Ն որոշմամբ արդեն իսկ նախատեսվել էր Բերդի զինվորական հոսպիտալի գործունեության դադարեցումը և բժշկական սպասարկման գործառույթների փոխանցումը «Բերդի բժշկական կենտրոն»-ին։
Նշված գործընթացի շրջանակում առողջապահության նախարարի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի հրամանով հաստատվել է նաև բժշկական օգնության, զորամասերի բժշկական ուղեկցման և բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացակարգը։
Որոշման նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի ապրիլի 18-ի՝ հոսպիտալի ստեղծման մասին կառավարության որոշումը և պետական ռեգիստրից հանել հիմնարկին։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում։
Սոնա Գրիգորյան




























