Armenian text to speach

63-72 տարեկան քաղաքացիները բիզնես սկսելու կամ զարգացնելու համար կստանան մինչև 2 մլն դրամ պետական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ կառավարության նիստում հաստատվել է 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։ Այն հնարավորություն կտա այս տարիքային խմբի քաղաքացիներին ձեռնարկատիրական գործունեություն սկսելու, վերականգնելու կամ զարգացնելու համար ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն։

Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, ծրագրի մասին կառավարության նիստում զեկուցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական փուլից՝ գործարար գիտելիքների տրամադրում և գործարար ծրագրի իրականացման ֆինանսավորում։

Նախատեսվում է առնվազն 400 քաղաքացու ներգրավել անվճար գործարար դասընթացներում, իսկ առավելագույնը 200 շահառուի տրամադրել ֆինանսական աջակցություն։ Դիմորդները նախ կմասնակցեն ձեռնարկատիրական գիտելիքների ձեռքբերմանն ուղղված դասընթացների, ապա կստանան աջակցություն սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։

Կրթական բաղադրիչը կներառի առնվազն 20 ակադեմիական ժամ ուսուցում։ Հավաստագիր կստանան այն մասնակիցները, որոնք ավարտական գնահատման արդյունքում կգրանցեն առնվազն 60 տոկոս արդյունք։ Հավաստագիրը վավեր կլինի 12 ամիս։

Հավաստագիր և գործարար ծրագիր ունենալուց հետո քաղաքացիները կկարողանան դիմել ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպություններին։ Փոխնախարարն ընդգծել է, որ խոսքը վարկի մասին չէ, այլ պետական աջակցության, որը ծրագրի պայմանները պահպանելու դեպքում վերադարձման ենթակա չի լինի։

Աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով։ Գումարը կփոխանցվի անմիջապես ապրանք մատակարարողին, աշխատանք կատարողին կամ ծառայություն մատուցողին։

Ծրագրով սահմանված է նաև դիմումների առաջնահերթություն։ Նախապատվություն կտրվի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ապա՝ լեռնային և բարձրլեռնային, այնուհետև՝ այլ գյուղական բնակավայրերի դիմորդներին։ Նույն խմբի ներսում առավելություն կունենան այն քաղաքացիները, որոնք կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ են ստանում և վարձու աշխատող չեն։

Շահառուն պետք է ունենա ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսված իրավական կարգավիճակ կամ այն ձեռք բերի մինչև աջակցության պայմանագրի կնքումը։ Բացի այդ, ներկայացված գործարար ծրագիրը պետք է ստանա դրական ֆինանսատնտեսական գնահատական։

Պետական աջակցությունը հնարավոր կլինի օգտագործել սարքավորումներ, գործիքներ և հումք ձեռք բերելու, տարածք վարձակալելու և այն հարմարեցնելու, թվային գործիքներ ներդնելու, ինչպես նաև գործարար ծրագրով հիմնավորված այլ ծախսեր կատարելու համար։

Միևնույն ժամանակ ծրագրի շրջանակում արգելվում է գումարն ուղղել աշխատավարձերի վճարմանը, վարկերի, տույժերի կամ հարկային պարտավորությունների մարմանը, անձնական օգտագործման ավտոմեքենայի կամ անշարժ գույքի ձեռքբերմանը։

Շահառուն պարտավոր կլինի ապահովել ձեռնարկատիրական գործունեության առնվազն 12-ամսյա շարունակականությունը։ Գումարի ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալներ ներկայացնելու կամ ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքում տրամադրված աջակցությունը ենթակա կլինի ամբողջական կամ մասնակի վերադարձման։

Ծրագրի ֆինանսավորման առավելագույն ծավալը սահմանվել է 400 միլիոն դրամ։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել 2027 թվականի պետական բյուջեից՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուներին։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս