Մոլդովան այլևս բնական գազ չի գնում Ռուսաստանից և շարունակում է ամրապնդել իր էներգետիկ անկախությունը Մոսկվայից։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ Մոլդովան Ռումինիայի և եվրոպական էներգահամակարգի հետ կապող նոր էլեկտրահաղորդման գծի գործարկման ֆոնին։
Սանդուն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Մոլդովան ընդհանրապես ռուսական գազ չի գնում, և մոտ ապագայում Ռումինիայի հետ ևս երկու էլեկտրահաղորդման գծեր կգործարկվեն»,- գրել է Մոլդովայի նախագահը։
Սանդուն նաև նշել է, որ տասնամյակներ շարունակ Մոսկվան էներգետիկ ռեսուրսներն օգտագործել է շանտաժի համար։
Նոյեմբերի 8-ին Մոլդովայում պաշտոնապես շահագործման է հանձնվել «Վուլկանեշտի-Քիշնև» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Մոտ 157 կմ երկարությամբ այս գիծը երկրի հարավային հատվածը կապում է մայրաքաղաքի հետ և ապահովում էլեկտրաէներգիայի մատակարարման լրացուցիչ ուղի՝ Ռումինիայից և եվրոպական էներգահամակարգից։
Նոր ենթակառուցվածքը թույլ կտա նվազեցնել Մոլդովայի կախվածությունը Մերձդնեստրում գտնվող Մոլդավսկայա ՋԷԿ-ից, որը նախկինում ապահովում էր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը։
Մոլդովան նախատեսում է առաջիկայում ընդլայնել նաև Եվրոպայից էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորությունները։
Անի Վարդանյան




























