Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Եվս 14 մարդ տուժել է։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով նահանգապետի աշխատակազմին, մահացել է հիվանդանոց տեղափոխված ծանր վիճակում գտնվող տուժածներից մեկը, ինչպես նաև փլատակների տակից դուրս բերված երկու աշխատակից։
Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի և 14 վիրավորի մասին։
Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում՝ կամրջային կռունկի խափանման և էլեկտրական աղեղային վառարանի մեջ ընկնելու հետևանքով հեղուկ մետաղի արտահոսքից հետո։ Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Փրկարարների և իշխանությունների գնահատմամբ՝ փլատակների տակ դեռևս կարող է մնալ առնվազն 8 աշխատակից։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Իշխանությունները հայտնել են, որ մեծ տարածք ընդգրկած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել և տեղայնացվել։ Կիսավեր շենքի ներսում աշխատում են մասնագետները։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մյուս արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքին, նախնական գնահատմամբ, վտանգ չի սպառնում։
Անի Վարդանյան
























































































