Armenian text to speach

Ավելի քան 1.1 մլն դրամի նվերներ՝ Արփինե Սարգսյանին․ ի՞նչ է ստացել նախարարը Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում երեք նվեր է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 115 հազար 192 դրամ։ Այս մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված նվերների հաշվառման ձևաթղթերից տեղեկացավ ArmLur.am-ը։

Ըստ ներկայացված տվյալների՝ նվերները նախարարին փոխանցվել են 2026 թվականի սեպտեմբերի 14-15-ը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ Այցը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլթան Թամազաշվիլիի հրավերով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նվերներից առաջինը «Zaraphane» ապրանքային նշանի դեկորատիվ հուշանվեր է՝ «Արգո» նավի մանրակերտը՝ զարդարված փիրուզե քարերով։ Արփինե Սարգսյանի կողմից դրա արժեքը գնահատվել է 419 հազար 771 դրամ։ Ձևաթղթում նշվում է, որ «Zaraphane» ընկերության պաշտոնական կայքում նույն հուշանվերի գինը համարժեք է 3000 վրացական լարիի։

Երկրորդ նվերը Շոթա Ռուսթավելու էպիկական պոեմի՝ 2016 թվականի հոբելյանական հրատարակության օրինակն է։ Դրա արժեքը գնահատվել է 349 հազար 809 դրամ։ Ձևաթղթի լրացուցիչ տեղեկությունների համաձայն՝ նման գրքի միջին արժեքը կազմում է շուրջ 2500 վրացական լարի։

Երրորդ նվերը «Zaraphane» ապրանքային նշանի կտավն է՝ Թբիլիսիի համայնապատկերով՝ շրջանակված։ Դրա արժեքը գնահատվել է 345 հազար 612 դրամ։ Ձևաթղթում նշվում է, որ ընկերության պաշտոնական կայքում նույն հուշանվերի գինը նույնպես կազմել է 345 հազար 612 դրամին համարժեք 2470 վրացական լարի։

Այսպիսով, ArmLur.am-ը արձանագրեց, որ Արփինե Սարգսյանի ստացած երեք նվերների ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 115 հազար 192 դրամ։

Նվերների հաշվառման ձևաթղթերում դրանք դասակարգվել են որպես պետական կամ պաշտոնական այցերի, ինչպես նաև աշխատանքային այցերի և գործուղումների շրջանակներում տրվող նվերներ։

 

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս