Նոյեմբերի 12-ին կայանալիք կառավարության նիստում կքննարկվի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և դրա գործունեության շրջանակը փոփոխելու հարցը։ Նախագիծը զեկուցելու է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է կազմակերպությունը վերանվանել «Խարբերդի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի։ Փոփոխությունը պայմանավորված է սոցիալական խնամքի և պաշտպանության համակարգի արդիականացման, ծառայությունների արդյունավետության բարձրացման և շահառուների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման անհրաժեշտությամբ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերանայվելու է նաև կենտրոնում խնամք ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Մասնավորապես, նոր կարգավորմամբ կենտրոնը նախատեսված կլինի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում նրանց թվին պատկանող անձանց համար։
Միաժամանակ կենտրոնում շուրջօրյա խնամք և կացարան կտրամադրվի նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ համապատասխան դեղեր օգտագործող, վարքային խանգարումներ ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց։
Նախագծով նախատեսվում է ընդլայնել նաև կազմակերպության վճարովի ծառայությունների շրջանակը։ Դրանց թվում կլինեն շուրջօրյա, կարճաժամկետ և ցերեկային խնամքը, վերականգնողական ու խորհրդատվական ծառայությունները, ինչպես նաև լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի և հիպոթերապիայի վճարովի ծառայությունները։
Հիմնավորման մեջ նշվում է, որ կազմակերպության վերափոխումը հնարավորություն կտա հստակեցնել շահառուների շրջանակը, առավել արդյունավետ կազմակերպել հաստատության աշխատանքը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրումը։
Հարցը նոյեմբերի 12-ին կքննարկվի կառավարության նիստում։
Անի Վարդանյան




























