ArmԼur.am-ը տեղեկացրել էր, որ ազատման դիմում է ներկայացրել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մինասյանը։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվում ոլորտում, և արդյո՞ք այս հրաժարականը կապ ունի համակարգում առկա լարվածության հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառույցում իրավիճակը բավականին թեժ է։ ArmԼur.am-ի տեղեկություններով՝ լարվածության պատճառներից մեկը Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը և դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման շուրջ առաջացած խնդիրները։
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների՝ ֆինանսական միջոցների հատկացման հետ կապված հարցերը պատշաճ լուծում չեն ստացել, ինչն էլ դժգոհությունների տեղիք է տվել։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Սարգիս Հայոցյանը պաշտոնից հեռացել է Տիգրան Խաչատրյանի մոտ տեղի ունեցած թեժ քննարկումից հետո։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են ֆինանսավորման հետ կապված խնդիրները, և դժգոհություն է արտահայտվել այն հանգամանքի առնչությամբ, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն տրամադրվում, մինչդեռ ոլորտից պահանջվում է առաջ տանել Ակադեմիական քաղաքի հավակնոտ ծրագիրը։
Քննարկումը, ArmԼur.am-ի տեղեկություններով, բավականին սուր բնույթ է կրել, ինչից հետո Սարգիս Հայոցյանը հրաժարական է ներկայացրել։
Այժմ, նույն խնդիրների պատճառով, նույն հարցերը բարձրաձայնելու և լուծում չգտնելու պատճառով հրաժարական է տվել նաև Մինասյանը:
Հատկանշական է, որ ոլորտում կադրային հարցերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, իսկ ստեղծված իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում՝ կապված կառավարման, ֆինանսավորման և ծրագրի իրականացման հեռանկարների հետ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























