Armenian text to speach

2026 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ից․ զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալիք կառավարության նիստում կքննարկվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախագծի համաձայն՝ Զինված ուժերի համալրումը նախատեսվում է իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը՝ 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Նշվում է, որ զորակոչը Կառավարության որոշմամբ հայտարարվում է տարեկան առնվազն երկու անգամ։ Որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պատասխանատու մարմինները, ժամկետները և ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման կարգավորումները։

Նախագծով նախատեսվում է ստեղծել հանրապետական և, ըստ մարզերի ու Երևանի, մարզային և Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ։

ArmLur.am -ը արձանագրեց, որ կարգավորումներ են նախատեսվում նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի, ինչպես նաև օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչի համար։

Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսում։

Պաշտպանության նախարարության ներկայացմամբ՝ որոշման նախագիծը միտված է զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացի կարգավորմանը և առնչվում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված Զինված ուժերի բարեփոխումների ու անձնակազմի համալրման խնդիրներին։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս