Եվրահանձնաժողովը ենթարկվել է կիբերհարձակման, որի հետևանքով խաթարվել է կառույցի ներքին մի շարք համակարգերի աշխատանքը, իսկ աշխատակիցների անձնական տվյալների հնարավոր արտահոսքի հանգամանքները դեռ ուսումնասիրվում են։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Politico-ին, Եվրահանձնաժողովը կարծում է, որ հարձակման հիմնական մասը հաջողվել է կասեցնել, սակայն դրա հետևանքների ամբողջական ծավալը դեռ պարզ չէ։ Կիբերհարձակման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 19-ին, իսկ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ այն հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին։
Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն հաստատել է կիբերհարձակման փաստը՝ նշելով, որ այն իրականացվել է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Նրա խոսքով՝ թիրախավորվել են առանձին համակարգեր, և կառույցը սահմանված ընթացակարգերի համաձայն տեղեկացրել է տուժած կողմերին։
Խոսնակը նաև ընդգծել է, որ այս պահին չկա ապացույց, որը կհաստատի Եվրահանձնաժողովի բոլոր աշխատակիցների տվյալների արտահոսքի կամ վտանգման փաստը։ Միաժամանակ հետաքննությունը շարունակվում է, և դեռևս հնարավոր չէ հստակ գնահատել հարձակման մասշտաբները։
Ըստ Politico-ի հրապարակման՝ կիբերհարձակումը տևել է ավելի քան 10 օր։ Դրա հետևանքով ժամանակավորապես անհասանելի են դարձել աշխատակիցների կադրային և վարչական մի շարք ծառայություններ։ Մասնավորապես, խափանվել է Sysper համակարգը, որի միջոցով աշխատակիցները կարողանում են ծանոթանալ աշխատավարձի հաշվարկներին, ներկայացնել արձակուրդի դիմումներ և գրանցել աշխատանքային ժամերը։
Խնդիրներ են առաջացել նաև MyPMO համակարգում, որը նախատեսված է բժշկական ծախսերի փոխհատուցման գործընթացի համար։ Երկու համակարգերն էլ այս շաբաթվա սկզբին վերականգնվել են, սակայն Sysper-ը նոյեմբերի 18-ին կրկին կարճ ժամանակով խափանվել է։ Նոյեմբերի 17-ին խնդիրներ են արձանագրվել նաև թարգմանչական ծառայությունների աշխատանքում։
Հաղորդվում է, որ աշխատակիցները հիմնականում ժամանակին ստացել են իրենց աշխատավարձերը, սակայն որոշ ժամանակ չեն կարողացել օգտվել աշխատանքային ժամերի հաշվառման և արձակուրդի դիմումներ ներկայացնելու ծառայություններից։
Politico-ի տեղեկություններով՝ ԵՄ կառույցների կիբեռանվտանգության ծառայությունը՝ CERT-EU-ն, հարձակման ընթացքում հայտնաբերել է ARTEX անվանումով՝ արհեստական բանականության հիմքով գործող գործիքի կիրառման հետքեր։ Այն հասանելի գործիք է, որը նախատեսված է տեղեկատվական համակարգերում խոցելիությունները հայտնաբերելու համար։ Հարձակման կանխարգելման նպատակով մի շարք հավելվածներ ժամանակավորապես անջատվել են, իսկ կառույցի թվային ծառայությունների ստորաբաժանումը հանձնարարել է իրականացնել անվտանգության լրացուցիչ ստուգումներ։
Հարձակման լրջության պատճառով Եվրահանձնաժողովը հրավիրել է իր ներքին ճգնաժամային կառավարման բարձրագույն մարմնի՝ Կորպորատիվ կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Նոյեմբերի 18-ին էլ տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերով եվրահանձնակատար Հեննա Վիրկունենը տեղի ունեցածի և ձեռնարկված միջոցառումների մասին զեկուցել է Եվրահանձնաժողովի մյուս անդամներին։
Այս պահին հարձակման հեղինակների ինքնությունը հրապարակված չէ, ինչպես նաև վերջնականապես պարզված չէ՝ արդյոք նրանց հաջողվել է հասանելիություն ստանալ աշխատակիցների անձնական տվյալներին կամ արտահանել դրանք։
Անի Վարդանյան




























