Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Այս մասին ասվում է կառույցի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Առաջարկվող սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի 60 բանկի, կրիպտոարժութային և վճարային ծառայությունների, էներգետիկ ոլորտի, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառի ծառայությունների, ինչպես նաև ավելի քան 70 նավի, որոնք ԵՄ-ն դասում է այսպես կոչված «ստվերային նավատորմի» շարքին։
Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել Ռուսաստանում ապահովագրված լցանավերի օգտագործումը։
Փաթեթով նախատեսվում է նաև արգելել վիզաների տրամադրումը Ռուսաստանի նախկին զինծառայողներին, ինչպես նաև ԵՄ տարածքում մարզական միջոցառումներին ռուսական դրոշի ներքո հանդես եկող ռուսական թիմերի և մարզիկների մասնակցությունը։
Առաջարկվում է նաև արգելել մարզական միջոցառումների ընթացքում Ռուսաստանի պետական խորհրդանիշների ցուցադրումը։
Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել նաև ԵՄ քաղաքացիների՝ ռուսական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը։




























