Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Եվրամիությունն ու Ուկրաինան ստորագրել են այսպես կոչված «դրոնների գործարքը», որի նպատակն է համատեղել Ուկրաինայի կուտակած փորձն ու Եվրոպայի արդյունաբերական ներուժը՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնելու համար։
Ուկրաինայի Պետականության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Ֆոն դեր Լայենը նշել է, որ անհրաժեշտ է միավորել կողմերի ուժերը։
«Այս համաձայնագիրը կմիավորի ուկրաինական նորարարությունն ու Եվրոպայի արդյունաբերական մասշտաբները»,- ասել է նա։
Մինչ այժմ Ուկրաինան նմանատիպ համաձայնագրեր կնքել էր առանձին երկրների հետ։ Անցած շաբաթ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր ևս երեք նման փաստաթուղթ՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով իննի։ Սակայն այս համաձայնագիրը առաջինն է, որը նախատեսված է ամբողջ Եվրամիության երկրների և ընկերությունների մասնակցությամբ համագործակցության համար։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Ուկրաինան պատերազմի ընթացքում ձեռք է բերել եզակի փորձ՝ անօդաչու և հակադրոնային համակարգերի կիրառման ոլորտում, որը կարևոր է նաև Եվրոպայի անվտանգության համար։
«Ձեր ձեռք բերած գիտելիքները՝ ինչպես կիրառել անօդաչու և հակադրոնային համակարգերը, իսկապես եզակի են։ Մենք պետք է օգտվենք այդ փորձից, քանի որ Եվրոպան նույնպես բախվում է նման սպառնալիքների․ ԵՄ բազմաթիվ անդամ երկրներում արդեն արձանագրվել են խախտումներ և տագնապային իրավիճակներ»,- նշել է նա։
Իր հերթին Եվրամիությունը, ըստ ֆոն դեր Լայենի, կարող է Ուկրաինային տրամադրել լայն տեխնոլոգիական և արդյունաբերական հնարավորություններ, ինչպես նաև անվտանգ արտադրական հարթակներ։
Ուկրաինան 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո կարճ ժամանակում ձևավորել է զարգացած անօդաչու թռչող սարքերի արդյունաբերություն, որն այսօր համարվում է երկրի պաշտպանական կարողությունների առանցքային բաղադրիչներից մեկը։
Միաժամանակ Ուկրաինայի տարբեր շրջաններում շարունակվում են ռուսական հարվածները։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ չորեքշաբթի ռուսական հրթիռային և անօդաչու հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։
Հարվածների հիմնական թիրախներն էին Օդեսան և Սումին։ Սումիի մարզային իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը կիրառել են վեց կառավարվող ավիառումբ, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 17-ը։
Օդեսայի մարզպետ Օլեգ Կիպերի խոսքով՝ տարածաշրջանը հինգերորդ օրն անընդմեջ ենթարկվում է հրթիռային և անօդաչու զանգվածային հարձակումների։ Նրա փոխանցմամբ՝ զոհվել է երեք մարդ, ևս առնվազն երեքը վիրավորվել են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածները՝ հայտարարելով, որ բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերքով և հարվածային անօդաչուներով թիրախավորվել են Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստների ենթակառուցվածքները, վառելիքի պահեստները և ուկրաինական զինված ուժերի համար բեռ տեղափոխող նավերը։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի անօդաչու ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ անցած գիշեր ուկրաինական դրոնները Սև ծովում հարվածել են 20 ռուսական նավի, որոնցից 17-ը նավթատար տանկեր էին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը նախօրեին հայտարարել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում Ուկրաինայում խաղաղ բնակիչների զոհերի թիվը կտրուկ աճել է, իսկ հունիսը դարձել է վերջին չորս տարիների ամենամահաբեր ամիսը քաղաքացիական բնակչության համար։