Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման կապակցությամբ հրատապ նիստ է անցկացրել՝ նախարարների, զինված ուժերի ներկայացուցիչների և անվտանգության ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
Տուսկի խոսքով՝ ինքը զեկույցներ է ստացել նաև ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշից և ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկուց՝ Բիլգորայի շրջանում ստեղծված անվտանգության իրավիճակի վերաբերյալ։
Լեհաստանի վարչապետը նշել է, որ այս պահին օդային սպառնալիք չկա, իսկ համապատասխան ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։
Ավելի վաղ Լեհաստանի օդագնացային գործակալությունը՝ PANSA-ն, հայտնել էր, որ զինվորականների պահանջով ժամանակավորապես դադարեցվել են Ժեշուվի օդանավակայանի քաղաքացիական չվերթերը՝ ինչպես մեկնումները, այնպես էլ ժամանումները։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը սահմանափակվել էր ռազմական ավիացիայի ակտիվության պատճառով։ Տարածաշրջանում նաև ժամանակավորապես դադարեցվել էր երկաթուղային երթևեկությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի իրականացրած զանգվածային օդային հարվածների ֆոնին։ Լեհաստանի զինված ուժերը սկսել են ստուգել ռադարային տվյալները՝ պարզելու երկրի օդային տարածք հնարավոր ներխուժման հանգամանքները։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հետագայում հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքից երեք օբյեկտ խախտել է Լեհաստանի օդային տարածքը։ Դրանցից մեկը նույնականացվել է որպես Х-101 թևավոր հրթիռ, մյուսը ենթադրաբար նույնպես հրթիռ է եղել, իսկ երրորդը՝ ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։ Լեհաստանի պաշտպանության նախարարը միջադեպն անվանել է Ռուսաստանի սադրանք։
Միաժամանակ դեպքի հանգամանքների քննությունը շարունակվում է։




























