Լեհաստանը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով հատուկ անվտանգության գործողություն է սկսել՝ հնարավոր դիվերսիաների և հիբրիդային սպառնալիքների մտավախությամբ։
Լեհաստանի ոստիկանապետ Մարեկ Բորոնի խոսքով՝ գործողությունն իրականացվում է Վարմյան-Մազուրյան և Պոդլասկե շրջաններում՝ ոստիկանության, զինվորականների, սահմանապահների և հետախուզական ծառայությունների համագործակցությամբ։ Գործողությունը համակարգելու համար ստեղծվել է հատուկ կենտրոն։
Բորոնը նշել է, որ միջոցառումների նպատակն է պաշտպանել սահմանամերձ բնակիչներին և ենթակառուցվածքները արևելքից եկող հնարավոր սպառնալիքներից։
Հոկտեմբերի վերջին Լեհաստանի իշխանությունները ռազմական հետախուզությունից և դաշնակից երկրների ծառայություններից նախազգուշացումներ էին ստացել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով հնարավոր դիվերսիաների մասին։ Գործողության մանրամասները չեն հրապարակվում՝ օպերատիվ գաղտնիության նկատառումներով։




























