Կոռումպացված անձինք շարունակում են մնալ Կառավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Կառավարության կազմն ավելացավ ևս մեկ Քոչարյանական կադրով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանն արդեն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն է: Նրա  պաշտոնների շարքը երկար պատմություն ունի:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1962թ.` Երևանի «Գունմետշին» տրեստում որպես բանվոր աշխատելով: Այնուհետ աշխատել է որպես մոնտաժավորող, ինժեներ, տրեստի կառավարիչ:

Բարձր պաշտոններ զբաղեցնել սկսել է 1992թ.` Էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: 1998-ին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի նախարարի պաշտոնը: 2000-2001թ.` ՀՀ Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ. 2001 թ.` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, 2001-2002 թթ.` ՀՀ Պետական եկամուտների նախարար, 2002-2003 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ:

Քաղաքապետ եղած ժամանակ նրանից շատերն են դժգոհել: 2004թ. Երվանդ Զախարյանի օրոք քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Դալմայի այգիները` անտեսելով մարդկանց իրավունքները, ովքեր ստեղծել են այդ այգիները` կառուցելով առանձնատներ  եւ բազմահարկ շենքեր:

Մեկ այլ անօրինականություն, որ կատարվել է Ե. Զախարյանի` քաղաքապետ եղած տարիներին, մինչ այժմ այդպես էլ լուծում չի ստացել: Բուզանդ փողոցից տեղահանված բնակիչների խնդիրն արդեն քանի տարի է` ինչ չի լուծվում: Իսկ այդ ամեն ինչը կրկին սկսվել է Ե. Զախարյանի պաշտոնավարման տարիներին:

Ե. Զախարյանը պաշտոններ զբաղեցնելու տարիներին հասցրել է միլիոնների հասնող դրամական միջոցներ կուտակել, սակայն ինչպես շատերի դեպքում ` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նրա իրական ունեցվածքի մասին տվյալները բացակայում են:

Ըստ այդ հայտարարագրի, Ե. Զախարյանը չունի անշարժ գույք: Փոխարենը նա ունի 7 մլն 200 հազար դրամ արժողությամբ Lexus LS 460 մակնիշի մեքենա: Պարզվում է, որ 2012թ. Նրա գործերը «լավ չեն գնացել»: Տարվա սկզբում Զախարյանն ունեցել է 37 մլն դրամ, որը տարվա վերջում նվազել է և դարձել 29 մլն 800 հազար դրամ: Բայց դա հոգ չէ. Նախարարի պաշտոնում նա կհասցնի իր կորուստները վերականգնել:

Զախարյանի նշանակումը նախարարի պաշտոնում հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Զախարյանը կարծես հետին պլան էր մղվել: Այժմ, փաստորեն, նրա կարիքը զգացվում է: Այնն էլ այնպիսի պաշտոնում, որտեղ հնարավոր է մեծ գումարներ վաստակել: Սակայն նա մնում է Ռ. Քոչարյանի ժամանակաշրջանից եկած հերթական նախարարը:

 




Լրահոս