ԱՐԺԵ ՎԵՐԱՆԱՅԵԼ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա` թվով 16-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար, որը, ինչպես հայտնի է, այս անգամ ուղղվելու է Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցմանը: Ինչ խոսք, հաշվի առնելով ներկայիս տնտեսական համաշխարհային լարված վիճակը, կարելի է ասել, որ հավաքագրված 22.6 միլիոն դոլարը ամենեւին էլ վատ ցուցանիշ չէ, ավելին, զուտ թվային արտահայտությամբ, այն գերազանցում է նախորդ տարվա արդյունքը: Խնդիրն այն է, սակայն, որ տարեցտարի փոխվում է հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված նվիրատվությունների աշխարհագրությունը: Եթե նախկինում գերակշռում էին այսպես ասած` արեւմտյան փողերը, ապա հիմա մեծավ մասամբ նվիրատվությունները ռուսական ծագում ունեն: Եվ վերջին հեռուստամարաթոնում այդ միտումն էլ ավելի աչքի ընկնող էր: Այսպես. նախօրեին հավաքագրված 22 661 371 ԱՄՆ դոլարի ուղիղ կեսը` 12 350 000 դոլարը, նվիրաբերվել է Ռուսաստանից: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ից հանգանակվել է ընդամենը 3 միլիոն դոլար, իսկ եվրոպական վեց երկրներից` Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Հունաստան, Բելգիա` գրեթե երկու միլիոն դոլար` միասին վերցրած: Մինչդեռ բոլորս էլ հիշում ենք, որ մի քանի տարի առաջ այդ հեռուստամարաթոնների նվիրատուները հենց ամերիկյան եւ եվրոպական սփյուռքի մեր բարերար հայրենակիցներն էին: Եվ ուրեմն` ռուսական նվիրատվությունների աճը ողջունելով հանդերձ, հեռուստամարաթոնի կազմակերպիչները հարկ է` մտահոգվեն արեւմտյան նվիրատվությունների նվազեցմամբ: Չէ՞ որ այս հեռուստամարաթոնի նպատակը, բացի զուտ ֆինանսական միջոցների հավաքագրումից, նաեւ ազգային խնդիրների լուծման ուղղությամբ միասնականության, ջանքերի մեկտեղման գաղափարի խրախուսմանն է ուղղված: Եվ այս առումով եւս վերջին ցուցանիշները ոգեւորիչ չեն. հանգանակված գումարի կեսից ավելին նվիրաբերվել է մոտ մեկ տասնյակ անհատ բարերարների խոշոր նվիրատվություններից: Իսկ սա չափազանց կարեւոր է, քանի որ ստացվում է, որ հետզհետե ավելի քիչ թվով սովորական հայեր են իրենց փոքրիկ նվիրատվություններով ցանկանում մասնակից դառնալ հայրենիքում ճանապարհաշինության կամ այլ ծրագրի իրագործմանը: Դրա համար, իհարկե կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ` սկսած հիմնադրամի իրականացրած աշխատանքների արդյունավետությունից, ավարտած Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությամբ` այդ թվում եւ հայ-թուրքական արձանագրությունների մասով: Այս վերջինն իր բացասական ազդեցությունն ունեցավ հատկապես ավանդական սփյուռքի վրա: Ինչեւէ. կարծում ենք՝ առաջիկա տարիներին թերեւս արժե վերանայել հեռուստամարաթոնի կազմակերպման եղանակն ու նպատակները:




Լրահոս