ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ կառավարությունն իր նոր ծրագիրն է մշակում, այդ ընթացքում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոսկերչությունն անկում է ապրում: Երեւանի ոսկու շուկայում աշխատող ոսկերիչների մեծ մասը վաճառում է ոսկերչական գործիքները` Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Պատճառը` տաղավարների ավելացված վարձավճարներն են եւ նվազած առեւտուրը: Իսկ նրանք, ովքեր ուղղակի հնարավորություն չունեն ՌԴ մեկնելու, տեղափոխվում են «ստվերային դաշտ»` փորձելով իրենց տներում ոսկերչությամբ զբաղվել:

Դեռ ամիսներ առաջ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը 50 տոկոսով բարձրացրել էր ոսկերիչների տաղավարների վարձավճարի չափը: Այս խնդրի շուրջ ոսկերիչների մի մասը հանդիպել էր Աբրահամյանի հետ, որի ընթացքում վերջինս անկեղծացել էր` հայտարարելով, որ այլ տարբերակ չունի:
54-ամյա Գրիշա Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Եթե դուք հիմա հայտարարություն տարածեք այն մասին, որ շուկայում ոսկու արտադրամաս եք ցանկանում վարձակալել, ապա մի քանի վայրկյանում ձեր հեռախոսը մեծ թվով զանգերի պատճառով ուղղակի կտրաքի: Այնքան կզանգեն, կխնդրեն, չեք պատկերացնի: Չկան, չեն գալիս, որ վարձակալեն, որովհետեւ առեւտուր չկա: Եկամուտ չունեն»: Նշենք, որ յուրաքանչյուր արհեստանոց ունի 6-7 աշխատակից եւ արտադրամասերի փակվելու արդյունքում կավելանա նաեւ գործազուրկների թիվը:
Ոսկերիչների պնդմամբ` կտրուկ իջել է նաեւ ոսկյա զարդերի պատվերների քանակը: Ավելին` քաղաքացիների մեծ մասն արդեն իրենց ունեցած զարդերն են վաճառում ոսկերիչներին: Մեկը վարկ ունի մարելու, մյուսը` ուսանողին պետք է պահի, մարդիկ չեն կարողանում դրանք գրավատներում կամ բանկերում գրավադրեն, որովհետեւ եկամուտ չունեն, որ հետ վերցնեն, դրա համար էլ ստիպված` իրենց ընտանեկան զարդերն անգամ վաճառում են:
46-ամյա Մայիսը, ով մեկ տարով մեկնել էր ՌԴ` ոսկերչությամբ զբաղվելու նպատակով, օրեր առաջ է վերադարձել եւ պատրաստվում է նորից մեկնել: Սակայն այս անգամ նա իր հետ տանելու է նաեւ երեք ոսկերիչ ընկերներին: «Այնտեղ շատ լավ է, աշխատում ենք հրեաների հետ: Օրական 150-200 դոլար գումար եմ աշխատում, իսկ այստեղ` 10-50 դոլար, այն էլ` ոչ ամեն օր: Դրա համար էլ պետք է նորից գնամ ու ինձ հետ մի քանիսին տանեմ»,-ներկայացրեց Մայիսը:
Նշենք, որ շուկայի հարակից տարածքների հենասյուներին հայտարարություններ են փակցված այն մասին, որ Կրասնոդարում ոսկերիչներ են պահանջվում:
Ոսկերիչ Գեղամը քսան տարուց ավելի է, ինչ ոսկերչությամբ է զբաղվում, բայց հիմա նա իր սեփական տունն է դրել վաճառքի, որպեսզի այդ գումարով մեկնի ՌԴ. «Բայց տունն էլ չի վաճառվում: Գոնե դա վաճառվեր, ընտանիքիս հետ կմեկնեի, մնամ այստեղ ի՞նչ անեմ»,-ասում է հուսահատված մասնագետը: Իսկ մեկ այլ ոսկերիչ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց. «Եթե նախկինում տաղավարի վարձավճարը ամսվա սկզբին` 3-ին կամ 4-ին վճարած չէինք լինում, ապա շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն անմիջապես գալիս էր ու այն պլոմբում: Իսկ ահա այս օրերին նա պարզապես լռում է: Գիտի, որ չունենք: Չենք մուծել, առեւտուր չկա: Ի՞նչ անենք: Ստիպված պետք է գնանք տանը ոսկի վաճառենք, ձուլենք կամ էլ՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնենք: Հուրախություն մեզ՝ այնտեղ ոսկերիչների կարիք են զգում»,-նշեց ոսկերիչ Բագրատը: Նրա խոսքով՝ առաջիկայում վիճակը է՛լ ավելի կբարդանա, երբ սկսվեն արհեստանոցների բարձրացված վարձերի գանձումները:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը ոսկերիչներից տեղեկացավ նաեւ, որ վարձավճարները բարձրացնելիս շուկայի տնօրենը խոստացել է, որ դա ընդամենը վեց ամսով է, որից հետո վճարները կվերանայվեն: Նա նաեւ նշել է, որ դա շուկայի պայմանների բարելավման՝ մասնավորապես անհրաժեշտ լույսի ենթակայան կառուցելու եւ զուգարանները վերանորոգելու նպատակով է: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս