
«Դեմ եմ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Հայկ Ավետիսյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ «Դեմ եմ»-ն առաջիկայում բողոքի ակցիա կամ երթ չի նախատեսում: «Բայց եթե անգամ լինի, հազիվ թե «Դեմ եմ» մարտավարության մեջ փոփոխություն լինի»,- ասաց շարժման ներկայացուցիչը:
Մարտավարություն ասելիս «Դեմ եմ»-ի անդամը նկատի ունի երթերը և որպես հանրային անհնազանդության դրսևորում բանուկ փողոցներ փակելը:
Ինչ վերաբերում է գործատուների վրա աշխատակիցների ճնշումներին, որի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, «Դեմ եմ»-անդամը հայտարարեց, որ իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել գործատուների վրա` պահանջելով նրանցից չվերցնել այն աշխատակիցների դիմումները, որոնք կհրաժարվեն կուտակային կենսաթոշակային հինգ տոկոսը վճարել:
Հիշեցնենք, որ վերջերս բողոքի ակցիա էին անցկացրել մանկավարժները, որոնք պահանջել էին իրենց առանց այդ էլ ցածր աշխատավարձից պահումներ չանել:
«Դեմ եմ»-ի անդամի խոսքով` ճնշումներն այն աստիճանի են, որ շատերն արդեն «Դեմ եմ»-ի ֆեյզբուքյան խմբում ճնշումների մասին չեն գրում: «Սա ցույց է տալիս, որ իշխանությունները գործատուների վրա ճնշումներ են գործադրում»,- եզրափակեց Հայկ Ավետիսյանը: