Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ները շարունակում են հերյուրանք տարածել. ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այս անգամ ադրբեջանական «Apa.az»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող այս տեղեկատվությունը վերածվում է զավեշտի` հայ սպայի «փոխգնդապետ» զինվորական կոչումը ադրբեջանական քարոզիչները նշում են որպես «գնդապետ-լեյտենանտ»:

Վերոնշյալ ապատեղեկատվությունը իրականության հետ որեւէ  առնչություն չունի նաեւ այն առումով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված մարտական հենակետում մայիսի 25-ին  հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, վերահսկվում է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից, իսկ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են բոլորովին այլ հատվածում եւ պատասխանատվություն են կրում այլ ուղղության անվտանգության ապահովման համար:

Կարծում ենք, որ ադրբեջանական քարոզիչների «ռազմական աղբյուրները», թերեւս, պատկերացում ունեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտու սահմանների վերաբերյալ, եւ զավեշտալի է, որ փորձ է արվում սեփական գործելաոճը, այն է` արձանագրված դեպքերի եւ պատահարների ստույգ տվյալները թաքցնելն ու փաստերը խեղաթյուրելը, վերագրել հայկական կողմին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների եւ գնդակոծությունների դեպքում: Կոչ ենք անում տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին եւ զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց»:




Լրահոս