Վերջին շրջանում շատ է խոսվում Ազգային Ժողովն օլիգարխներից «մաքրելու», գործարար պատգամավորների քանակը նվազեցնելու, եւ, առհասարակ, հին դեմքերից ձերբազատվելու անհրաժեշտության մասին: Հատկապես շեշտվում է երիտասարդների ներգրավման կարեւորությունը: Պետք է նկատել, որ այս առումով Հանրապետականն այն քիչ քաղաքական ուժերից մեկն էր, որը ժամանակին բավականին մեծ տեղ տվեց հենց երիտասարդ, ու կարելի է ասել անփորձ դեմքերի` ի դեմս օրինակ Վազգեն Խաչիկյանի եւ այլոց: Թե այդ երիտասարդներից այս տարիների ընթացքում ով ինչպես իրեն դրսեւորեց, հայտնի է: Ասել, թե նրանք որակական հեղափոխություն կատարեցին թե՛ կուսակցությունում, թե՛ խորհրդարանում, մեղմ ասած, ճիշտ չի լինի: Որոշակի դերակատարություն ունենալով հանդերձ, այնուամենայնիվ նրանք այդպես էլ որեւէ նորարարական հայեցակարգ չներկայացրեցին, որպեսզի արդարացնեին երիտասարդ եւ թարմ ներուժի առավելությունների մասին պնդումները: Եվ հիմա, երբ կրկին խոսք կա ՀՀԿ-ի ընտրացուցակը երիտասարդացնելու մասին, ընդ որում, այս անգամ նաեւ ոչ ՀՀԿ-ականների միջոցով, հարց է առաջանում` իսկ այդ ինչ են անելու այդ երիտասարդները, որ նրանց ավագ ընկերները չեն կարողացել կամ չեն կարողանա անել: Օրինակ՝ գալիք խորհրդարանում ինչ են անելու երիտհանրապետականներ Կարեն Ավագյանը կամ Մենուա Հարությունյանը, որոնց ցուցակում ընդգրկելու հարցը ներկայումս քննարկվում է: Առաջինի կարողությունների մասին կարելի է գնահատել անցած տարիների ընթացքում նրա կատարած օրենսդրական աշխատանքից, որը ՀՀԿ-ի հասցեին այս կամ այն ուժի կողմից ուղղված քննադատություններին ոչ կոռեկտ կերպով հակադարձելուց այն կողմ չի անցել: Համենայնդեպս, դժվար է հիշել գոնե մեկ օրենսդրական նախաձեռնություն կամ հրապարակավ հնչեցված առաջարկ` արված այս երիտասարդ պատգամավորի կողմից: Ինչ վերաբերում է Մենուա Հարությունյանին, ապա այս դեպքում էլ սպասելիքները մոտավորապես պարզ են եւ շատ չեն տարբերվում վերը նշվածից: ԱԺ-ն երիտասարդացնելու առաքելությունը դրված է նաեւ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, «Հայլուր»-ի տնօրեն Սամվել Ֆարմանյանի վրա: Կարծում ենք, որեւէ մեկը ՕԵԿ երիտթեւի նախկին ղեկավար, ներկայումս ՄԻԱԿ քարտուղար պարոն Ֆարմանյանից նորարարական գաղափարներ չի սպասում` աչքի առաջ ունենալով «Հայլուր»-ը:
Որքան էլ մենք դեմ լինենք ԱԺ-ում գործարար պատգամավորների առկայությանը, հանուն արդարության պետք է նշենք, որ նրանցից շատերը գոնե աշխատատեղեր են ստեղծել, հարկեր մուծել, խթանել երկրի տնտեսությունը: Ոմանք այս տարիների ընթացքում նաեւ օրենսդիր աշխատանքի փորձ են ձեռք բերել, որից այսպես միանգամից ազատվելը նույնպես ճիշտ չէ: Օրինակ` ինչո՞ւ պիտի նախկին ազատամարտիկ, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն իր տեղը զիջի դիցուք Ֆարմանյանին: Այնպես որ, դժվար է ասել` երիտկարիերիստներ-գործարարներ ընտրության մեջ ո՞րն է չարյաց փոքրագույնը:
ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ