ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՇ ՊԵՏԻՑ ԽՈՐՀՐԴԱԿԱ՞Ն

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին նշանակել իրեն խորհրդական: Այժմ այդ հարցը բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմում: Սակայն դեռեւս վերջնական որոշում չկա: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Սակայն վերջինս ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի ու չի կարող մեկնաբանել այն:

«ՌԱԿԻՐՈՎԿԱՆԵՐ»

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ֆինանսների նախարար նշանակվելուց հետո, դեռ չի ծանոթացել նախարարության աշխատակազմի անդամների հետ: Նախարարության ցածր օղակի աշխատակիցները շարունակում են մնալ լարված ու սպասողական վիճակում: Ամեն րոպե հավանական է, որ նրանց՝ աշխատանքից ազատվելու պահանջ կներկայացվի: Եվ այդ մտավախությունները ավելի սրվեցին մայիսի 18-ին նախարարությունում տեղի ունեցած նշանակումներից հետո: Հիշեցնենք, որ Գ. Խաչատրյանը ՊԵԿ-ի առաջին տեղակալներ Արթուր Աֆրիկյանին, Արմեն Ալավերդյանին եւ տեղակալներ Վախթանգ Միրումյանին եւ Տիգրան Բարսեղյանին ազատել է իրենց պաշտոններից եւ վերանշանակել ֆինանսների նախարարի տեղակալներ:

ԴԱՎԻԹԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Իշխանության ներսում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դեմ լուրջ դժգոհություններ են հասունանում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Հարությունյանն իրեն մեծ լիազորություններ է վերապահել: Ավելին՝ Աբրահամյանի հետ կապված ցանկացած հարց լուծվում է Դ.Հարությունյանի միջոցով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Դ.Հարությունյանը նշեց, որ դժգոհությունների մասին իրեն ոչինչ հայտնի չէ, իսկ լիազորությունների մասով էլ ասաց. «Լիազորություններն ուղիղ այնքան են, ինչքան նախատեսված է օրենսդրությամբ»:

ԿՐԿԻՆ ՏՈՒԳԱՆՎԵՑ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մայիսի 8-ին «Աշտարակ կաթ» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ափոյանը տուգանվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Բանն այն է, որ ընկերության տնօրենն ապրիլի 9-ին Հայաստան է ներմուծել 75000 կգ ապրանք, որը այդպես էլ չի հայտարարագրել, ինչի արդյունքում էլ տուգանվել է 50.000 դրամով: Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ»-ը ՏՄՊՊՀ-ի որոշմամբ տուգանվել էր նաեւ 2011թ. դեկտեմբերին. արտադրանքում՝ մասնավորապես թթվասերում բուսական (կոկոսի) յուղի պարունակության, ինչպես նաեւ կաթի փոշու օգտագործման մասին նշումների բացակայության եւ արտադրանքի յուղայնության նորմերին չհետեւելու համար: «Աշտարակ Կաթ»-ի նկատմամբ հանձնաժողովի տուգանքը կազմել էր 50 մլն դրամ:




Լրահոս