ՀԱՅՏՆԻՆԵՐԻ «ՀՂՓԱՑԱԾ» ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ «ՍԽՐԱՆՔՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզերում «բեսպրեդել» տղաների շքերթը շարունակվում է: Մի դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներն են Բալահովիտ գյուղում վախի մթնոլորտ ստեղծել, մյուս դեպքում էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին է ամենակարող զգում, ծեծ ու ջարդ կազմակերպում:

Մայիսի 22-ին տեղեկություններ էին տարածվել, թե Բալահովիտի բենզալցակայանում կրակոցներ են հնչել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կրակոցների հեղինակները ոչ ավել ոչ պակաս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներ` Էդվին Թադեւոսյանն ու Վարդան Հարությունյանն են եղել, որոնց ավելի ուշ ձերբակալել են:
Պարզեցինք, որ Էդվին Թադեւոսյանը operativ.am կայքի սեփականատերն է, ով նախկինում աշխատել է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատում: Armlur.am-ի հետ զրույցում Վ. Հարությունյանի հարազատները հայտնել էին, որ Վարդանին կասկածում են միայն այն պատճառով, որ նա բենզալցակայանի սեփականատերերից է եւ ինքն այդ կրակոցների հետ կապ չունի. «Մեզ համար թյուրիմացություն ա: Ոչ մի լուրջ բան չկա: Վարդանն էն մարդը չի, որ տենց բան աներ: Ինչ-որ ուրիշ մարդիկ են եղել: Ուղղակի որ բենզալցակայանն իրանն ա, դրա համար էլ չափազանցրել են»:
Իսկ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ աղջիկը` տիկին Ռիտան, Վարդանի մայրը, անգամ զարմանք էր հայտնել, թե ինչպես կարող են երկու ազգականներ կրակել միմյանց` նկատի ունենալով Էդվին Թադեւոսյանին եւ իր որդուն: Այս պատմության մեջ ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ, ըստ տեղեկությունների՝ Բալահովիտի համայնքապետ Կամո Գրիգորյանը եւս եղել է դեպքի վայրում, եւ ըստ տեղեկությունների՝ նա այդ բենզալցակայանից բաժնեմաս ունի: Չնայած գյուղապետի հարազատները հերքում են այդ փաստը, սակայն Armlur.am-ի տեղեկություններով՝ Բալահովիտի գյուղապետը Գագիկ Ծառուկյանի հարազատն է ու այս ընթացքում իր հարազատների հետ գյուղում ինչպես ցանկացել, այնպես էլ գործել է:
Բալահովիտում այդ «բեսպրեդել» իրավիճակի մասին են վկայում մինչ այդ գյուղում կատարված դեպքերը: Բան այն է, որ Armlur.am-ը Բալահովիտ այցի ժամանակ բացահայտել էր, որ 2007թ. գյուղում սպանություն էր եղել, որի մեղավորը, ըստ գյուղացիների՝ եղել էր գյուղապետի եղբորորդին, սակայն գործն այդպես էլ չի բացահայտվել: Դեպքից հետո Բալահովիտում վախի մթնոլորտ է, իսկ գյուղի բնակիչները վստահ են, որ այս գործն էլ մյուս գործերի նման «կջրվի կգնա»:
Այն, որ ցանկացած անպատժելի դեպք առաջացնում է առավել վատ հետեւանքներ եւ սեփական երկրում ապահով չզգալու մթնոլորտ, արդեն անհերքելի իրողություն է: Մայիսի 25-ին էլ հերթական անգամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանն է մարդ ծեծում եւ առեւանգում: Պարզեցինք, որ ծեծողն ու ծեծվածները հարեւաններն են: Գորիսում այս դեպքից եւս խուսափում են որեւէ բան խոսել, իսկ ահա ծեծված եւ առեւանգված Արթուրի եւ Գոռի ծնողները հերքում են՝ ասելով, թե նման բան չկա: Միգուցե ծնողներն այդ քայլին գնում են սեփական երեխաներին առավել վտանգավոր հետեւանքներից փրկելու համար: Մարդիկ, փաստորեն, տեսնելով, որ պետական մարմիններն իրենց չեն պաշտպանում, ստիպված սեփական մեթոդներով են փորձում ապահահովագրել իրենց հետագա ծեծ ու ջարդերից ու կրակոցներից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս