ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԵՆ

Մայիսի 23-ին կայացած ՀՀԿ 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանն ասել էր. «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի՝ ում եւ ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող եւ իրականացվող քաղաքականության օրակարգ»: Տողերիս հեղինակը լավ է ճանաչում Արծրուն Հովսեփյանին, եղել է սողանքից քանդված նրա տանը: Սերժ Սարգսյանը եւս ճանաչում է նրան, քանի որ 2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելած եւ այնտեղ մոմ վառած Սերժ Սարգսյանին «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանն էր ներկայացրել Գոշավանքի նորոգման խնդիրը: «Արդեն 10-15 տարի ուրիշի տանն ենք բնակվում: 2013թ. դեկտեմբերին կիսատ-պռատ փոխհատուցում տվեցին: Ընտանիքի յուրաքանչյուր բնակչի համար վճարեցին 900 հազարական դրամ: Թեեւ ընտանիքում 6 հոգի ենք, սակայն վճարումը կատարեցին 5 հոգու հաշվով: Իսկ ստացած գումարով Գոշում հնարավոր չէ նորմալ տուն գնել»,-նշեց Ա. Հովսեփյանը: Նա դիմել է Սերժ Սարգսյանին, ում աշխատակազմի ներկայացուցիչը ծանոթացել է այս խնդրին: Ա. Հովսեփյանն ասաց. «Որպես փոխհատուցում ստացած գումարով մի տուն ենք գնել, դեռ 2 հազար դոլար էլ պարտք եմ տան տիրոջը: Սակայն այդ տունը կիսակառույցի պես բան է, կարգին տանիք չունի, ահագին աշխատանք պետք է կատարվի, անձրեւների ժամանակ ջուրը տուն է լցվում, տանն էլ փոքրիկ թոռնիկ ունեմ»: Նա պատմում է, որ իրենց՝ 6 հոգանոց ընտանիքում միայն մեկ աշխատող կա, ով ուսուցիչ է: Մինչ այդ Արծրունի որդին աշխատում էր որպես Գոշի թանգարանի տնօրեն: Սակայն թանգարանը մի քանի ամիս առաջ փակել են: Ա. Հովսեփյանը պատմեց, որ Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության ընկերությունից եկել են, թանգարանի աշխատակիցներին ստորագրել տվել, որ նրանք դեմ չեն թանգարանի ժամանակավոր փակմանը: Եվ փակել են թանգարանը, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների հոսք էր լինում: Թանգարանի ցուցանմուշներն այժմ գտնվում են Դիլիջանում, ինչ-որ նկուղում: Ա. Հովսեփյանը հայտնեց, որ Գոշավանքի նորոգումն էլ կիսատ է մնացել, քանի որ ֆինանսավորման դժվարություններ կան: Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանը, ով, ի դեպ, ՀՀԿ անդամ է, մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում Գոշի 6 ընտանիք սողանքից տուժած տների համար պետական բյուջեից փոխհատուցում է ստացել, իսկ 4-րդ կարգի վթարայնության 9 տների տերերը մինչ օրս սպասում են փոխհատուցման: Գոշավանքի վերանորոգման աշխատանքների ձգձգման հետ կապված էլ Գ. Ամիրխանյանը նշեց, որ այս տարի նորոգում չի արվել, այն կշարունակվի պետբյուջեից ֆինանսավորման հատկացումից հետո:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս