ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀՀԿ-ԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԽԱՌՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքում հունիսի 8-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ երկուսն էլ ՀՀԿ-ական, գործող համայնքապետ Վարդան Մարգարյանը եւ նախկին համայնքապետ Գագիկ Սարոյանը: Ի դեպ, Սարոյանը՝ որպես բնակիչ, գրանցված է Փոքր Մասրիկում, սակայն ապրում է Նորակերտում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Փոքր Մասրիկի գործող համայնքապետ Վարդան Մարգարյանի հետ:

-Լարվածություն կա՞ Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ:
-Չէ, ոչ մի լարվածություն չկա, ապրեք, որ հետաքրքրվում եք:
-Ի՞նչ ակնկալիք ունեք, կանցնե՞ք, թե՞ ոչ:
-Եթե հույս չունենայի՝ թեկնածություն չէի դնի: Դե մյուս մրցակիցը՝ Գագիկ Սարոյանը, 22 տարի աշխատել է որպես գյուղապետ, ինքն էլ իր չափով է հարգանք վայելում:
-Ձեր հաշվարկներով՝ կանցնե՞ք, թե՞ ոչ:
-Իմ հաշվարկներով անպայման կանցնեմ:
-Իսկ Ձեր մրցակցի հաշվարկներից տեղյա՞կ եք:
-Ինքն էլ երեւի մտածում է, որ իր հաշվարկով կանցնի: Եթե հույս չունենար, ինձ թվում է՝ չէր առաջադրվի:
-Իսկ այս ընթացքում հանդիպել կամ խոսե՞լ եք նրա հետ:
-Չէ, ընդհանրապես: Չենք շփվում իրար հետ: Դե, միմյանց դեմ ենք դրել թեկնածությունը, էլ գնանք շփվենք, որ ինչ անենք:
-Կուսակցությունը Ձեզ սատարելո՞ւ է:
-Այս ամենին կուսակցությունը չի խառնվում: Ես թույլ չեմ տա, որ մեկը խառնվի ընտրություններին:
-Իսկ մյուս մրցակիցն ինչպե՞ս է «համոզում» բնակիչներին:
-Դե, ինքը թիմ ունի, որն իր համար գյուղում աշխատում է: Առանց դրա չի լինի:
-Դուք չունե՞ք թիմ:
-Իմ թիմն ընդհանուր ժողովուրդն է:
-Լավ, այս ընթացքում ի՞նչ եք արել գյուղի համար:
-Երբ ընտրվեցի 32 մլն դրամ պարտք կար. գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձերն էին: Դա փակեցի: Նախկին գյուղապետը՝ Գագիկ Սարոյանը, չէր կարողացել հարկահավաք անել եւ վճարել նրանց պարտքերը: Հետո իմ միջոցներով գյուղապետարանի համար երկու համակարգիչ եմ գնել:
-Ի՞նչ միջոցներով մարեցիք այդ պարտքը:
-Տնտեսեցի, գյուղապետարանի աշխատակազմում կրճատումներ արեցի: Գյուղապետարանում հիմա ես եմ, հաշվապահը եւ քարտուղարը: Ու պարտք էլ չունենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս