Հեշտ է ասել`շեֆը ոնց ասի` էնպես էլ անում եմ. Ռուբեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիկնիկային թատրոնն առաջիկայում արվեստասեր հանրությանը կներկայացնի նոր բեմադրություններ: Այդ առթիվ«Ժողովուրդ»-ը զրուցեց տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

-Պրն Բաբայան, առաջիկայում ի՞նչ գործեր եք պատրաստվում ներկայացնել թատերասեր հանրությանը:
-Այս պահին թատրոնում երկու գործի վրա ենք աշխատում: Մեկը ստվերային թատրոնի ժանրից է. ներկայացվելու է Անդերսոնի «Մատնաչափիկը» գործը (ռեժիսոր՝ Գայանե Ասլանյան), մյուսը` մատներով թատրոնի. ներկայացնելու ենք Փի Հորթնի հեքիաթներից, բեմադրիչը Զարուհի Անտոնյանն է: Թատրոնում մշտապես աշխատանքներ են տարվում` հիմնականում երիտասարդների կողմից:
-Բեմադրվելու արժանի գործերն ի՞նչ չափորոշիչներով եք ընտրում:
-Լավ հարց է: Առաջին հերթին պետք է ժամանակակից ու հետաքրքրիր լինի: Կարծում եմ` թատրոնը պետք է կարողանա ներկայացնել տարբեր գեղագիտություններ եւ երբեւէ չենթարկվի մի մարդու գեղագիտությանը: Այլ հարց է, որ անճաշակություն չպետք է բեմ բարձրանա: Գործերը բեմադրելիս փորձում ենք ներառել տիկնիկային թատրոնի բոլոր դրսեւորումները:
-Բացի մանուկ հանդիսատեսից` մեծահասակները հետաքրքրվո՞ւմ են տիկնիկային արվեստով:
-Չկա արվեստ միայն երեխաների համար: Տիկնիկային արվեստը մտածողություն է, գեղագիտություն, որը քանդում է բոլոր սահմանները: Եվրոպայում ցուցադրում են տիկնիկային ներկայացումներ նաեւ մեծահասակների համար: Բայց մեր թատրոնի հիմնական խաղացանկն, իհարկե, երեխաների համար է: Եթե մենք կարողանանք երեխաների մեջ վաղ տարիքից ազատ մտածողություն սերմանել, հետագայում ավելի հեշտ կլինի: Ի վերջո, քաղաքացին կազմավորվում է վաղ տարիքից: Ազատ քաղաքացի ունենալն անհրաժեշտ է ազատ երկիր ունենալու համար:
-Այսօր կան հեղինակներ, ովքեր ստեղծագործում են բացառապես մանուկների համար: Նրանց գործերը Ձեզ` որպես բեմադրիչ, գոհացնո՞ւմ են:
-Շատ գոհ չեմ: Այն գրողը, ով գրում է թատրոնի համար, պետք է ճանաչի թատրոնն ու սիրի: Մեր գրողները ներսից վատ գիտեն թատրոնը: Եթե Շեքսպիրը, Սունդուկյանն իրենց գործերը գրում էին կոնկրետ թատրոնի ու դերասանների համար եւ հետագայում այդ գործերը համընդհանուր արժեք էին դառնում, մեր գրողների մոտ նկատվում է հակառակ տենդենց. մեր դրամատուրգները գրում են աշխարհի համար:
-Խոսեցիք ազատ քաղաքացի ձեւավորելու` թատրոնի գործառույթի մասին: Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի անկախության շրջանում այդպես էլ ազատ մտածողությամբ քաղաքացի չձեւավորվեց:
-«Ազատություն» հասկացությունը կոնկրետ լոզունգից պետք է վերածվի կոնկրետ բովանդակության: Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Այ սա պետք է սերմանենք մեր հասարակության մեջ եւ դա պետք է արվի մանուկ հասակից: Կարծում եմ` երիտասարդ սերունդն այսօր ավելի ազատ ու պատասխանատու է, քան մեր սերունդը: Երիտասարդներն այսօր մեծ մասամբ հույսը դնում են իրենց վրա:
-Ազատությունից բխող պատասխանատվությունը պետք է կրեն միայն շարքային քաղաքացինե՞րը, թե՞ առաջին հերթին` նաեւ ներկայիս իշխանությունները:
-Իհարկե, առաջին հերթին իշխանությունները:
-Իսկ կրո՞ւմ են այդ պատասխանատվությունը:
-Կարծում եմ` ոչ: Չեմ ուզում ընդհանրացնել, քանի որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մեջ կան տարբեր մոտեցումներով մարդիկ: Ցավոք սրտի, գուցե իշխանական վերնախավում այդ պատասխանատվություն չկրելն ավելի բացահայտ է երեւում: Ավելի հեշտ է ասել` ինձնից ոչ մի բան կախված չէ, շեֆը ոնց ասի` էնպես էլ անում եմ: Սա շատ վտանգավոր բան է: Քանի որ այսօր իշխանությանն ավելի շատ լիազորություններ են տրված, նա պետք է ստեղծի այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգա այս երկրի տերը:

Սոնա Դավթյան

 

 

 




Լրահոս