Ինչպես հոկտեմբերի 27-ին, այնպես էլ հիմա` ռուսական «ФСБ»-ի դեմ Հայաստանում «խաղ չկա». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Խորհրդայիին միության փլուզումը քսաներորդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական ողբերգությունն էր, շատերը դա չընկալեցին որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական ռազմավարության հիմնանպատակի բարձրաձայնում:

Այսօր, սակայն, արդեն ակնհայտ է, որ պուտինյան Ռուսաստանի բոլոր ձեռնարկները ուղղված են հենց այդ` ռուսական նոր կայսրության ձեվավորման գերնպատակին:
Ընդ որում, Ուկրաինայից հետո պուտինյան վարչակազմն իրեն այլեւս որեւէ չափով պարտավորված չի զգում պահպանելու գոնե դիվանագիտական ֆորմալությունները, այլ ուղղակի` ռուսական ավանդական «կացնային» եղանակով ճանապարհ է հարթում սեփական ծրագրերի իրագործման համար:

Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների նախօրեին կայացած համաժողովից հետո ՌԴ անվտանգության դաշնային ծառայության /ФСБ/ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի արած հայտարարությունները դրա հերթական ցցուն դրսեւորումն են: Ռուսական գլխավոր «էֆէսբէշնիկը» առանց ավելորդ ձեւականությունների հայտարարել է, թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի ԱՊՀ երկրների տարածքում արեւմտամետ ուժերը փորձեն ակտիվանալ.« Մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ ԱՊհ երկրների տարածքում քաղաքական քայքայիչ գործունեությունը ֆինանսավորվում է արտասահմանյան կառույցների կողմից»,- նշել է Բորտնիկովը եւ հավելել. «Մեր ջանքերն ուղղված են մեկ հիմնական նպատակի` ապահովել, որ որոշակի ուժերի օրինական ընդդիմադիր գործունեությունը ոչ մի դեպքում չվերաճի քայքայիչ գործողության»:

Ինքնին հասկանալի է, թե ինչպիսի չափորոշիչներով են ռուսական հատուկ ծառայությունները տարբերակելու «օրինական ընդդիմադիր գործունեությունը» «քայքայիչ գործողություններից»: Անհասկանալի է, սակայն, թե որ իրավունքով են նրանք դա անելու սեփական երկրի սահմաններից դուրս` նախկին Խորհրդային միության երկրներում: Համենայն դեպս, Բորտնիկովի հնչեցրած հայտարարությունից հստակ է դառնում, որ ռուսները դա այլեւս խնդիր չեն համարում. «ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կոշտ միջոցներով կարձագանքի ԱՊՀ երկրներում իշխանությունը զավթելու փորձերին»,-Բորոտնիկովի սպառնալիքներն է փոխանցում «Ազատությունը»:

Նկատենք, որ ՌԴ կողմից հետխորհրդային երկրներում քաղաքական գործընթացները տոտալ վերահսկողության տակ վերցնելու նախորդ փորձը` 2 տարի առաջ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ստորաբաժանումների ստեղծումը, որեւէ լուրջ դիմադրության չարժնացավ: Առավել եւս հիմա` քիչ հավանական է, որ Ռուսաստանի վասալները` առաջին հերթին ի դեմս ՀՀ իշխանությունների, հանդգնեն որեւէ կերպ սահմանափակել ռուսական հատուկ ծառայությունների գործողությունները:

Ի վերջո, նրանք դա չարեցին անգամ 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ թվում էր, թե Հայաստանը իսկապես անկախ պետություն է:




Լրահոս