ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները` Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, երեկ հերթական ամոթալի ձախողումը գրանցեցին:

«Խնդրում եմ հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին ՀՀ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ եւ մեր գործընկերներին»,- նիստի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Քննարկումների ընթացքում որոշվել է Հայաստանի համար Եվրասիական միությանն անդամակցելու վերջնաժամկետ սահմանել մինչեւ հուլիսի 1-ը:
Դրանից հետո սկսվել է ողջ պատմությունը. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է լուծել հետո: Ու դիմելով Սերժ Սարգսյանին, նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»: Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց ԼՂՀ-ի: «Դուք նման ձեւով միացել եք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»,- Սերժ Սարգսյանին ասել է Ղազախստանի նախագահը եւ հավելել, թե Եվրասիական միության հիմնադիր երկրների նախագահները չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է 2003թ. փետրվարի 5-ին՝ դառնալով այդ կազմակերպության 145-րդ անդամը: Այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ակնհայտ է, որ Նազարբաեւի առաջ քաշած նախապայմանը որեւէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար, եւ այն, պարզապես, ապտակ է ՀՀ իշխանություններին: Սակայն Ս. Սարգսյանը երեկ որեւէ ձեւով չի առարկել ու չի արձագանքել Նազարբաեւի հայտարարություններին: Ավելին՝ տեսանյութում հստակ երեւում է, որ Ալիեւի նամակի մասին հայտարարությունը միանգամից շփոթմունքի մեջ է գցում Ս.Սարգսյանին:
Նկատենք, որ նամակը ստացվել է ոչ թե հենց նիստի ընթացքում, այլ՝ դրանից առաջ, հետեւաբար՝ անհասկանալի է, թե ինչու իշխանությունները տեղյակ չէին այս ամենից, ինչո՞ւ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն տեղյակ չէր պահել Ալիեւի ստեղծած խոչընդոտների մասին: Սրանք, թերեւս, հարցեր են, որոնց պատասխանը չկա: Եվ այդ հարցերի բացակայությունը հերթական անգամ հիմնավորում է, թե ինչպիսի խղճուկ իշխանություն ունի Հայաստանը եւ ինչպիսի զրոյական միջազգային վարկ: Ուշագրավն այն է, որ կատարվածին որեւէ անդրադարձ չեղավ նաեւ այդ նիստից հետո:
Իսկ ԱԺ-ում, երբ քննարկվում էր 2013թ. պետական բյուջեի՝ ԱԳՆ-ի կատարողականը, խորհրդարան էին եկել ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Մանասարյանն ու Կարեն Նազարյանը, ովքեր, պարզվեց՝ բացարձակ անտեղյակ էին կատարվածից: Մանասարյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում պատգամավորներ Վահան Բաբայանի ու Ալեքսանդր Արզումանյանի հարցերին ի պատասխան ասաց, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության «բոլոր կոնցեպտուալ խնդիրների շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, եւ վստահ ասում եմ, որ ճշգրտվող հարցերը մի քանի տեխնիկական խնդիրների շուրջ են»: Երբ Արզումանյանը պնդեց՝ ինչպիսին է լինելու ԼՂ կարգավիճակը ձեւավորվող մաքսային տարածքում, Մանասարյանը գրեթե նույն պատասխանը տվեց, ինչին հակադարձեց Արզումանյանը. «Չեմ համարում, որ Ղարաբաղի գործոնը տեխնիկական բնույթ է կրում: Հակառակը՝ դա շատ կարեւորագույն, կոնցեպտուալ հարց է, բայց տարաձայնությունները չեն վերաբերում կոնցեպտուալ հարցերին»: Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում, երբ կոնկրետ հարց հնչեցվեց Նազարբաեւի հայտարարությունների մասին, Մանասարյանը խոստովանեց, որ տեղյակ չէ: «Միգուցե արել է այն ժամանակ, երբ ես խորհրդարանում ներկայացնում էի բյուջեն»,-ասաց նա:
Իսկ ավելի ուշ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նորանշանակ փոխնախարար Կարեն Նազարյանի անտեղյակությունը պարզապես նյարդայնացրեց պատգամավորներին: Ալեքսանդր Արզումանյանը չդիմացավ եւ դիտողություն արեց նրան: «Ձեզ շատ վատ մի զգացեք, պարոն Արզումանյան: Պարոն Նալբանդյանը երեկ դեռ չգիտեր, թե ինչ է սպասվում Հայաստանին: Ասաց՝ կգնանք Աստանա` կերեւա»,-հեգնեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ ինքը մտադիր է պարզաբանումների համար ԱԺ հրավիրել անձամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, մանավանդ որ, ըստ պատգամավորի՝ «Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ պայմանագրում հաշվի են առնված ՄՄ երեք երկրների շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, թե՞ մենք մեր շահերը միշտ հարմարեցնելու ենք ուրիշների շահերին»:
Հ.Գ. Ի դեպ, երեկ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին փաստաթուղթը, որը պետք է վավերացվի այդ երկրների խորհրդարաններում եւ 2015թ. հունվարի 1-ից կյանքի կոչվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս