«ԴՎԻԺՈԿՈՎ ԵՆՔ ՀՈՂԵՐԸ ՋՐՈՒՄ, ՈՐ ՍՈՎԱԾ ՉՄՆԱՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեծ ոգեւորությամբ հայտարարում է, թե Հայաստանը տարեցտարի գյուղատնտեսության ոլորտում մեծ աճ է գրանցում, Արմավիրի մարզի գյուղերում ոչ միայն ցամաքում են ինքնաշատրվանող արտեզյան ջրերի, այլեւ խմելու ջրի համար նախատեսված խորքային հորերը: Արդյունքում Էջմիածնի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում հողերի գերակշիռ մասը մնացել է անմշակ:

ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքների հողատարածքներ սնկի պես աճած ձկնաբուծարանների եւ ավազահանքերի պատճառով զրկված են ոռոգման ջրից: Ինչի արդյունքում բնակիչները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները եւ ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մի շարք արգելող եւ սահմանափակող որոշումներ կայացրեց Արմավիրի եւ Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի շինթույլտվությունների հետ կապված: Բացի այդ, ընդերքի ջրերի անխնա վատնման փաստերով հարուցվել են մի քանի քրեական գործեր, որոնք գտնվում են դատախազությունում: Բանն այն է, որ Արարատյան դաշտավայրի ընդերքային ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս քանակից ավելի ջուր վերցնելն օրենքով արգելված է, սակայն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ էր հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում:
Այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո կկանգնեն ջրազրկման վտանգի առջեւ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ, ով վստահեցրեց, որ պատկան մարմինները տեղյակ են խնդրին: «Հիմնականում ռեսուրսի խնդիրն է: Սակավաջուր է այդ հատվածը, դրա հետ է կապված: Շատերն այստեղ չեն, դրա համար էլ չեն մշակում»,- պարզաբանեց նա:
Իսկ ահա «Ակնալիճ» ՋՕԸ տնօրեն Սիմոն Աբգարյանի պնդմամբ՝ Արմավիրի մարզը տասը տարուց ավելի է, ինչ ողջ հանրապետությունում սակավաջրության առումով ամենածանր տարածքն է եղել, սակայն հիմա փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառն ավազահանքերն են ու ձկնաբուծարանները. «Ձկնաբուծարանները որ փակվեն՝ այս հարցը կլուծվի»:
Ջրառատի բնակիչ տիկին Հերիքնազի ընտանիքն արդեն 20-25 տարի է, ինչ անմշակ հողերի հարեւանությամբ մշակում է կես հա հողատարածք: Սակայն այդ հողատարածքը ջրելու համար նրանք ստիպված են եղել նախ՝ 17 մետր խորությամբ հոր փորել, ապա՝ մարտկոցի (դվիժոկ) միջոցով հողը ջրել: «Արդեն երկու տարի է, ինչ դվիժոկով ենք հողերը ջրում, որ սոված չմնանք: Թե չէ այստեղ ջուր չկա, չունենք: Գազ ու բենզին ենք օգտագործում, որ մշակենք ու սրանով ապրենք: Բա սա պետությո՞ւն է: Դե հիմա տեսեք` պետք է կանանցով երկար խողովակը հավաքենք ու գնանք տուն ու հաջորդ օրը նորից պետք է գանք փռենք ու էլի սկսենք մեր աշխատանքը: Տանջվում ենք, շատ դժվար է: Էս ամբողջ տարածքում միակն է մեր ընտանիքը, որ հող է մշակում: Շատերը չեն մշակում, որովհետեւ ջուր չկա, հնարավորություն չունեն: Պատկերացնո՞ւմ եք, էս թվին դվիժոկով ենք հողերը ջրում: Կոտորվում ենք»,-զայրացած ներկայացրեց տիկին Հերիքնազը:
Իսկ մեկ այլ բնակիչ վրդովված ասաց, որ Ջրառատ համայնքն այդպես է կոչվել, որովհետեւ ջուր է ունեցել. «Ընտիր հողեր են, է, բերքառատ են, ափսոս են: Ստիպված` այս տարի որդուս հարսիս հետ հանել ուղարկել եմ Ռուսաստանի Դաշնություն, որ էս տանջանքը չտեսնեն: Մյուս տարի կգաք ու կտեսնեք, որ մենք էլ չենք մշակելու, որովհետեւ տանջվում ենք ու եկամուտ էլ չենք ստանում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս