ԲԱՑ ԵՐԵՍՈՎ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիմի ցինիզմը սահմաններ չունի: Չնայած գնաճին, աղքատության մակարդակի բարձրացմանը, սոցիալական բեւեռացմանը, իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ամեն գնով վերարտադրվել: Դեռ ավելին, ՀՀԿ-ն հայտարարում է առաջիկա ընտրություններում խորհրդարանում մեծամասնություն կազմելու մասին:
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց`  ինչ երեսով է ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին եւ ինչու է համոզված, որ մեծամասնություն է կազմելու: «Այդ վստահությունը գալիս է ժողովրդից, դուք ինքներդ հետեւում եք տարբեր տիպի հարցումներին, թե ինչպիսի վերաբերմունք կա այս կամ այն կուսակցությանը,-ասաց նա ու հավելեց,-իսկ մենք բաց երեսով ենք գնում դեպի ընտրություններ, որովհետեւ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում եղել է ազնիվ, որովհետեւ մենք մշտապես խոսել ենք մեր պրոբլեմների մասին, բացահայտել ենք մեր պրոբլեմները, ոչինչ չենք թաքցրել ժողովրդից: Եւ մեր բացթողումներն ու հաջողությունները եղել են ձեր խստագույն հսկողության ներքո»: Ի դեպ, ըստ մարդահամարի նախնական տվյալների` ՀՀ բնակչության թիվը 2001թ. մարդահամարի համեմատ նվազել է  130 հազարով, իսկ 415 հազար մարդ էլ բացակայում է Հայաստանից: Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ հերթական անգամ ասաց, որ Հայաստանում 90-ականներին` առաջին տասնամյակին, ավելի շատ մարդ է բացակայել, քան դրան հաջորդող տասնամյակում: Այնուամենայնիվ, նա ընդունեց, որ արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: Ավելին, երկրից գնում է բարձրորակ աշխատուժը:
Երեկվա ճեպազրույցում վարչապետն անդրադարձավ նաեւ խորհրդարանում նախորդ երկու օրերի սկանդալային զարգացումներին, երբ ԲՀԿ-ն ոչ միայն տապալեց «Կանխիկ դրամաշրջանառության սահմանափակման մասին» օրինագծը, այլեւ բոյկոտեց ԱԺ նիստը: Վարչապետը նախ հերքեց այն մտայնությունները, թե այդ օրենքը խփում է աղքատ խավին: «Խոսքը 3 մլն-ից ավելի գործարքների մասին է, երբ մեր բնակչության 95 տոկոսն ընդհանրապես նման գործարքներ չի անում,-ասաց նա` հավելելով,-այն պատճառները, թե սա ուղղված էր ֆինանսական համակարգի հարստացմանը, բանկի հարստացմանը, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը, սա բեռ է դնում բանկերի վրա, որովհետեւ պարտադրում է բանկերին, որ իրենց սեփական միջոցների հաշվին սպասարկման կետերում տեղադրեն տերմինալներ ու սպասարկումներն իրականացնեն անվճար: Այսինքն` ոչ մի գումար չի գանձվելու անկանխիկ գործարքներից»: Իսկ կոալիցիոն գործընկերոջ պահվածքի վերաբերյալ Տիգրան Սարգսյանն ասաց. «Մեր գործընկերները ցանկանում են կարեւորել այս հարցը եւ օգտագործում են այն գործիքները, որ ունեն: Եւ մենք շատ հարգալից ենք վերաբերվում ցանկացած քաղաքական ակցիայի, որ մեր գործընկերներն իրականացնում են: Բնականաբար, մենք էլ մեր հերթին փորձում ենք պատասխանել այդ ակցիաներին: Մասնավորապես, ինձ թվում է` այդ ակցիային ամենալավ գնահատականը տվեց ԱԺ-ն` իր բնականոն աշխատանքով ու 10 եւ ավելին ընդունված օրինագծերով»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս