ՇՆԵՐԻ «ԳԱՂԹԸ» ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում հաճախ չես հանդիպի թափառող շների, սակայն դրանք հատկապես շատ են մայրաքաղաքի ծայրամասերում, որտեղ անգամ ցերեկային ժամերին  հաճախ կարելի է տեսնել աղբամանները փորփրող կամ իրար հետ կռվող թափառական շների խմբեր:
Շատերի համար այս կենդանիները դարձել են անքնության պատճառ: «Գիշերները կենդանի երաժշտության տակ ենք քնում, իհարկե, եթե քնում ենք: Չնայած արդեն սովորել ենք նրանց հաչոցներին, միայն գիշերներն են անհանգստացնում, թե չէ ցերեկներն իրենց համար խաղում են, չեն խանգարում»,- պատմեց Նոր Նորքի 2 զանգվածի բնակիչ 22-ամյա Սամվելը: «Թափառող շները մեզ մոտ շատ են, մենակ երեխաների համար եմ անհանգստանում, որ հանկարծ չվախենան: Ճիշտ ա, պատահում են կատաղած շներ, բայց դե չեմ լսել, որ հարձակված լինեն ինչ-որ մեկի վրա»,- նշեց Հարավարեւմտյան թաղամասի բնակիչ 32-ամյա Արմինեն: Չնայած քաղաքի կենտրոնից շատ հեռու գնալ պետք չէ, Խանջյան փողոցում էլ` Վերնիսաժի մոտակայքում, թափառող շները քիչ չեն, սակայն բնակիչներից, աշխատողներից եւ ոչ ոք համապատասխան մարմինների չի դիմել այս կենդանիների հարցով: Այսօր Երեւանում մի քանի կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են թափառող կենդանիների հարցերով. նրանց որսում տանում են հատուկ նախատեսված վայրեր, կամ համապատասխան հաշվեհարդար են տեսնում:
«Մեզ զանգահարում են բնակիչներ, քաղաքապետարանից, մենք գնում ենք նշված հասցեով, որսում կենդանիներին, բերում մեզ մոտ: Հետո կատարում են համապատասխան հետազոտություններ. եթե կենդանին լինում է ագրեսիվ, հիվանդ կամ վարակակիր, ապա նրան քնեցնում են,-նշեց «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ի տեղեկատվության գծով պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը եւ հավելեց,-իսկ եթե կենդանին ոչ մի վտանգ չի ներկայացնում, ապա ստերիլիզացվում է, ստանում համապատասխան պատվաստումներ եւ բաց է թողնվում»:
Այդուհանդերձ, շների առկա քանակը խոսում է այն մասին, որ կատարվող աշխատանքները բավարար չեն:
«Մենք աշխատանքներ կատարում ենք միայն Երեւանի շրջանում, մինչդեռ թափառող կենդանիների հետ կապված աշխատանքները պետք է ամբողջ հանրապետությունով իրականացվեն, մարզերից նման կենդանիների մեծ հոսք կա»,-մտահոգված նշեց Լիլիթ Գրիգորյանը:
Ստացվում է, որ այս կազմակերպության կատարած աշխատանքն «ապարդյուն» է,  քանի որ մարզերից թափառող նոր շներ են «գաղթում»  Երեւան: «Մենք մարզերում նման աշխատանքներ չենք կատարում, մենք միայն Երեւանում ենք զբաղվում թափառող  շների  հարցերով,-նշեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը,-իսկ մարզերից շան «գաղթերի» մասին չեմ լսել, արդյոք ազդում են Երեւանում կատարած աշխատանքների վրա` չեմ կարող ասել, այդ հարցերով մասնագետները թող ասեն»:
Այն, որ Երեւանում թափառող շները պակասել են, կասկած չի կարող լինել, սակայն մարզերից շների «գաղթը» պետք է մտահոգի համապատասխան մարմիններին, քանի որ իրենց արած աշխատանքը, այսպես ասած, «ջուրն է ընկնում»:
2011թ. դեկտեմբերի տվյալներով «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն քնեցման եղանակով վնասազերծել է 2860 թափառող կենդանու եւ ստերիլիզացրել 620-ին:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս