ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի ատոմակայանի փակման պահանջով փաստաթղթեր է ուղարկում Եվրոպական կառույցներ: Ավելին՝ ըստ Բագրատյանի՝ վերջին իրադարձությունների համատեքստում մտավախություն կա, որ ԵվրԱզԵՍ-ն էլ դեմ կլինի հայկական ատոմակայանին: Բագրատյանն այս հարցադրումներն ուղղեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ ՀՀ-ն այդ ուղղությամբ քայլեր չի անում: Վերջինս, սական, նշեց, թե իրեն հայտնի չէ, թե երբ է Թուրքիան կամ Ադրբեջանը հայկական ատոմակայանը փակելու վերաբերյալ նման բաներ հայտնել: «Մի փոքր ելույթ ունեցան Ադրբեջանի ներկայացուցիչները, որ Հայաստանի թափոնները տանում Ղարաբաղում են թափում, բայց ՄԱԳԱՏԷ-ից անմիջապես տնօրենի մակարդակով արձագանքեցին, որ նրանք հիմարություն են ասում, բոլորը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը: «ԵՄ-ում` կարեւորագույն կառույցներից մեկում, անձամբ ես եմ պայքարել: Դուք ասում եք՝ չէ, ես էլ ասում եմ, որ տենց չի»,- զայրացած արձագանքեց Բագրատյանը: Թե հիմա ով է միջուկայինի մասնագետը, մնաց անհայտ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենը Հայաստան է ներմուծել 1727կգ նկարներ եւ քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չի ներկայացրել, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով: Հիշեցնենք, որ Փարավոն Միրզոյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդօրինակ վիճակներում: Դեռ 2012թ. Hetq.am-ը հրապարակել էր, որ 2010թ. Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել էր 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը: Այս փաստը պատկերասրահի տնօրինությունը մեկ տարի թաքցրել էր: Ավելի ուշ պարզվել էր, որ եւս տասը արձան է անհետացել պատկերասրահից: Իսկ մի քանի տարի առաջ էլ Ազգային պատկերասրահում ֆիլմի նկարահանումներ էին եղել, որի ավարտից հետո պատկերասրահի 9-րդ հարկում գտնվող սրճարանում «կերուխումից» հետո մոռացել էին փակել ջրի ծորակը, ողողել էին ներքեւի հարկի երկու սրահները. արդյունքում փչացել էին հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան: Պատճառված վնասը, ըստ մասնագետների, հասնում էր մի քանի միլիոն դոլարի:

ԷԺԱՆ ԵՎ ՈՐԱԿՈՎ

Ոստիկանությունը 960 հազար դրամ է ծախսել՝ ժամացույցներ գնելու համար: Ըստ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստաթղթերի՝ ժամացույցները գնվել են ոստիկանության զորքերի համար, եւ դրանց թվատախտակին գրված է «ՀՀ ՈԶ հրամանատարից»: Ոստիկանությունը գնել է 60 հատ ժամացույց՝ յուրաքանչյուրը 16 հազար դրամ արժողությամբ:




Լրահոս