Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը կազմակերպել էր սատարման երթ: Այն սկսվեց Մատենադարանից, շարունակվեց Կորյուն, Աբովյան փողոցներով: Երթի մասնակիցները մարտական ու վճռական էին տրամադրված:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարում էին, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է` սատարել աշխատակիցներին, կոչ անել նրանց դիմումներ գրել գործատուներին և պահանջել իրենց աշխատավարձից ապօրինաբար չգանձել 5 տոկոս կուտակային կենսաթոշակային վճարը:
Սատարման երթը, սակայն, առանց միջադեպերի ու խոչընդոտների չանցավ. Կորյուն փողոցում, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում ցուցարարների և իրավապահների միջև հրմշտոցներ եղան: Իրավապահ մարմինները պահանջում էին ցուցարարներից չխոչընդոտել երթևեկությունը: Ցուցարարներն իրենց հերթին պնդում էին, որ իրենք երթևեկությանը չեն խոչընդոտում և իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը:
«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօրվա երթով չի սահմանափակվելու. նման երթեր ու ակցիաներ պարբերաբար են կազմակերպվելու` մինչև բողոքավորները հասնեն իրենց ցանկալի նպատակին:
Սոնա Դավթյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան