
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշեց թույլատրել օտարվող սեփականության ձեռքբերող` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը յուրաքանչյուր կողմից 10 մետր լայնությամբ տարածք ներառող միջանցքի սահմաններում իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ, ընդերքի հետազոտական աշխատանքներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:
«Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց կառուցվող էլեկտրահաղորդման գծերի ուղեգծի միջանցքի սահմաններում սեփականության որոշ oբյեկտների oտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ»,-մանրամասնեց նախարարը:
Հարցը զեկուցող Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով` ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: