Եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակիցները ծանոթացան ԼՂՀ խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի «Եվրասիական անվտանգություն» աշխատանքային խմբում այսօր անդրադարձ եղավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սերգեյ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արցախյան հակամարտության պատմությունը, Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքը, հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։

Բանախոսը կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիևն այսօր աշխարհում ամենաքիչն է ցանկանում պատերազմի վերսկսումը, քանի որ կորցնելու շատ բան ունի. Ադրբեջանի նախագահը խնդիր ունի իր երկրում, քանի որ բանակի շատ գեներալներ մեծ իշխանություն, նկրտումներ, փողեր ունեցող մարդիկ են։ Ալիևը գիտակցում է, որ պատերազմի ցանկացած հանգուցալուծում գործելու է ի վնաս իրեն։

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Ղազարյանն ընդգծեց, որ Ղարաբաղը բացարձակապես չի վախենում Ադրբեջանի սպառազինումից. «Պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը կհասնի մինչև Քուռ։ Մենք ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ հակառակը՝ կավելացնենք մեր պատմական հողերը։ Եվ ձեռք բերած զինատեսակները հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանին հաղթանակ չեն կարող ապահովել»։ Սերգեյ Ղազարյանը նշեց նաև, որ իր համար հետաքրքիր էր Եվրասիական երիտասարդական համաժողովի ընթացքում լսել տարբեր կարծիքներ, քննարկումներ ժամանակակից քաղաքական գործընթացների վերաբերյալ։ «Արցախյան կողմը յուրաքանչյուր բան, որ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, պահում է ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք միևնույն տնտեսական, իրավական դաշտում»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության մասին՝ խորհրդարանի պատգամավորը նշեց, որ համապատասխան լիազոր մարմինը՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իրականացնում է համապատասխան ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ծավալն աճում է, այդ աշխատանքների մեջ ներգրավվում են երիտասարդներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից, այլ երկրներից։ Աշխատանքները շարունակվելու են, արդյունավետությունն ավելի բարձրացվելու է։

Նա նաև ընդգծում է, որ տարեցտարի ավելանում է Արցախի երիտասարդների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային ծրագրերին, ընդ որում, ավելի է մեծանում նրանց ներգրավումը հասարակական կազմակերպությունների ձևաչափում տեղի ունեցող միջոցառումներին։ «Վերջին 3-4 տարիների ընթացքում հասարակական կազմակերպությունների քանակական լուրջ աճ է գրանցվել, ինչը նպաստում է ծրագրերի որակի բարձրացմանը։ ՀԿ-ների կողմից իրականացվում են կրթական, հումանիտար, մշակութային ծրագրեր, քաղաքական հարցերի շուրջ լսումներ են կազմակերպվում»,- ասաց Սերգեյ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը Ծաղկաձորում, կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս