Հիմնադրամի տնօրենը կկալանավորվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել եւ սպասում է գործը հսկող դատախազի պատասխանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը դատախազության պատասխանին սպասում է արդեն երեք օր, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում անսովոր կերպով լռում են:

2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր,որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս դեպքի հետո` ամիսներ անց, գրել էինք, որ Կարեն Ավագյանը, դիմելով իրավապահներին, ավելի ուշ զանգահարել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հասկանալու համար, թե նա ինչ է արել այդ գումարները: Ի պատասխան` Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հայտնել է, թե այդ քայլին գնացել է` ինչ-ինչ խնդիրներից ելնելով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Կարեն Ավագյանը նրանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը, տնօրենը հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ կինը լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձել էր զրուցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի հետ, սակայն վերջինս ասաց. «Այս ժամանակահատվածում հարգե՛ք իմ լռելու իրավունքը»: Մեր այն հարցին` յուրացման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, դուք ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը, հիմնադրամի տնօրենն ասաց. «Ոչ մի բան չեմ ընդունում եւ ոչ մի բան չեմ ցանկանում ասել, խնդրում եմ, իմ լռելու իրավունքը հարգե՛ք, քննություն է գնում, այս իրավիճակում ինչ-որ բան ասելը ճիշտ չէ»:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից հայտնել էին, որ հրապարակված լուրը, թե Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս