Կիսելյովը գնացել է, բայց գալու են նոր կիսելյովներ․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսական քարոզչամեքենան, որ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես ռուսական արտադրության ավտոմեքենաները, այսինքն՝ չի աշխատում, Հայաստան է գործուղել Դմիտրի Կիսելյովին: Նա ռուսական քարոզչամեքենան վարում է այնպես, ինչպես շարքային ռուս վարորդը՝ ռուսական արտադրության մեքենան: Այսինքն՝ հարբածի նման ու որեւէ տեղ չտանող: Տանելու դեպքում՝ հիմնականում կործանման: Բայց մեզ համար խնդիրը ոչ ռուսական մեքենան է ինքնին, ոչ էլ անգամ մեքենավարը՝ ինքզինքը, այլ այն, որ այն «քշում են Հայաստանի վրա»:

Քշում են՝ փորձարկելու համար դիմադրությունը: Զրոյական դիմադրությունը: Փորձարկելով՝ ցույց են տալիս նաեւ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մակարդակի անկումը: Ժամանակին Հայաստանին վիրավորում էր Պետդումայի խոսնակ Գրիզլովը՝ ֆորպոստ անվանելով: Վիրավորելը՝ վիրավորել, բայց գոնե կարգավիճակը տեղն էր: Ժամանակի ընթացքում վիրավորողների մակարդակն իջեցվեց մինչեւ Զատուլին-Դուգինների մակարդակի:

Հիմա անգամ դա է շատ համարվել, ու որպեսզի նվաստացումն ամողջական ու անշրջելի լինի, հասցվել է քաղաքական միմի մակարդակի: Կիսելյովն արդեն գնացել է, կամ չի գնացել, բայց Հայաստանին վերաբերող հայտարարություններն արել ու որեւէ ռուսախոս տաքսիստի գտնելով՝ մեկնել է Գառնի-Սեւան, ու հիմա բոլոր նրանք, ովքեր այդ հայտարարություններն անելիս նրա կողքին նստած էին, ու բոլոր նրանք, ովքեր կարող էին նստած լինել, բայց չէին, սկսել են պատասխանել Կիսելյովին: Հայաստանը վաղուց վերածվել է պատասխանողի:

Ավելի ճիշտ՝ չպատասխանողի ու պատասխանելու իրական ժամանակից հետո «պատասխանողի»: Այնպես, որ պատասխանի հասցեատերերը չլսեն: Հայաստանը վերածվել է պետության, որն ասելիք չունի՝ բառի ամենալայն եւ արդեն ամենաուղիղ իմաստով:
Կիսելյովը գնացել է կամ գնալու է: Բայց գալու են նոր կիսելյովներ: Գալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համարձակվել ասել իր խոսքը: Հայոց լեզվով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս