ԱԺ Կարապետյանների կարողությունները․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում Կարապետյան ազգանունը կրող պատգամավորներից ոմանք ազգանունից բացի այլ ընդհանրություններ էլ ունեն՝ մեծ եւ ավելի մեծ կարողություն։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը 2013թ. հարկային տարվա հայտարարագրում նշել է  210 հազար դոլար եւ 230 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 63,5 մլն դրամ, որից 2,8 մլն դրամն աշխատավարձն է, 60,7 միլիոնը՝ շահաբաժին։ Կարեն Կարապետյանը 2012թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ «Արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ-ում եւ «Տաշիր ինվեստ գրուպ»  ՓԲԸ-ում ունի համապատասխանաբար 33,15 տոկոս եւ 15 տոկոս բաժնեմասեր։

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը 2013թ. հարկային տարում 400 մլն դրամով ձեռք է բերել արտադրական նշանակության շինություն, ինչպես նաեւ 40 հազար դոլարով՝ «Լեքսուս GX 400» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 600 մլն դրամ, 3,4 մլն դոլար եւ 150 հազար եվրո։

Որպես  տարեկան եկամուտ Կարապետյանը հայտարարագրել է ընդամենը 3 մլն դրամ աշխատավարձ։ Պատգամավորի կինը՝ Սառա Մելքոնյանը, 30 հազար դոլարով ձեռք է բերել «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենա։

Վահան Կարապետյանը ունի նաեւ 1 բնակարան, 2 հողամաս,  1 կիսակառույց տարածք, 1 շենք եւ մեկ բենզալցակայանի հողամաս՝ բոլորը Երեւանում։ Պատգամավորն ունի նաեւ 5 ավտոմեքենա՝ 2 ջրատար, 1-ական «ԿԱՄԱԶ», «Ինֆինիտի» եւ «Ռենջ Ռովեր»։
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը նշել է երկու բնակարան, չորս հասարակական նշանակության շինություն, 1-ական անավարտ շինություն եւ ավտոտնակ։ 2013թ. հայտարարագրում նշել է   5 մլն դրամ դրամական միջոցներ, ինչպես նաեւ 11,3 մլն դրամ եկամուտ, որից 2 մլն դրամը՝ աշխատավարձ, 9,7 մլն դրամը՝ այլ եկամուտներ։

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարոն) հայտարարագրել է 60 մլն դրամ եւ 120 հազար դոլար դրամական միջոցներ, իսկ նրա կինը՝ Համիկ Ստեփանյանը, 80 մլն դրամ եւ 220 հազար դոլար։ Կարո Կարապետյանը երկու տուն ունի Արարատի մազում եւ 1 հողամաս»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս