Զորամասը 3 անգամ ինքնակամ լքած զինծառայողին ազատազրկում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա բնակիչ Գեղամ Հովսեփյանը, ծառայելով ՀՀ ՊՆ N զորամասում, մի քանի անգամ ինքնակամ լքել է զորամասի տարածքը, ինչի կապակցությամբ Եղեգնաձորի զինվորական կայազորում հարուցվել է քրեական գործ:

Այսպես, Armlur.am-ը տեղեկացավ, որ զինծառայող Հովսեփյանը 2014թ. փետրվարի 16-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասը: Հաջորդ օրը նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Գ. Հովսեփյանը զորամասի տարածքը լքել է նաև 2014թ. մարտի 5-ին և 2014թ. մարտի 25-ին:

Այսպիսով` զորամասն ինքնակամ թողնելով 3 ամսվա ընթացքում 3 անգամ՝ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ` կատարել է հանցանք, որը նախատեսում է պատիժ ՀՀ ՔՕ 361 հոդվածի 1-ին մասով (Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև՝ զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք օր տևողությամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Քրգործը մակագրվել է Վեդիի առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանին, Գեղամ Հովսեփյանի պաշտպանն է Լուիզա Հարությունյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս