«Հայոց արծիվները»` Վայոց ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքը բարձրագույն արժեք է, սրտի մեջ ապրող այն տարածքը, որի ֆիզիկական սահմանները կարելի է չափել, ոգեղենը՝ երբեք: Այսօր, երբ Հայաստանն ապրում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, երբ հարևան Ադրբեջանն անընդհատ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, կրկնակի մեծանում և արժևորվում է Հայրենիքի գաղափարը, Հայրենիքի պաշտպանությունը դառնում է կարևորագույն խնդիր:

Հենց Հայրենիքի, նրա պետականության խորհրդանիշի յուրօրինակ «կերպար» է դարձել Հայաստանում տևական ժամանակ գործող «Հայոց արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպությունը, որի հիմնադիր-նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հաստատում է.  «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր, իրականացրել է շուրջ 560 հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղ-գրասենյակ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  40.000 մարդ»:

Սա նշանակում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը, պետականության հանդեպ վերաբերմունքը դառնում է ոչ թե պարտադրված, այլ՝ կամավոր: Եվ այս ամենը՝ նախանձախնդիր մի խումբ մարդկանց ջանքերով, որոնց առաջնորդը Խաչիկ Ասրյանն է, Գարեգին Նժդեհի գաղափարներով ապրող հայրենասեր անհատականություն, որի շուրջ են համախմբվել բոլոր նրանք, ովքեր ապրում են երկրի ու հայրենիքի շահերով, ուրախություններով և մտահոգություններով:

Օրերս կազմակերպությունը հյուրընկալվեց  Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում: Հայաստանում  քիչ չեն լեռների ծերպերին «թառած» ,Աստծո կողմից «մոռացված» համայնքները, որտեղ հասնելու համար պետք է հաղթահարել անանցանելի ու ավերված ճանապարհներ: «Հայոց արծիվներ»-ի համար դժվարություններ գոյություն չունեն, չկան արգելքներ: Եթե կա նպատակ, կարելի է անցնել ցանկացած ճանապարհով: Եվ մարդիկ հասան Հորբատեղ, որտեղ «արծիվներին» դիմավորեցին աղ ու հացող, երաժշտությամբ, գյուղի երեխաների պարով: Նպատակ էր դրված ստեղծել կազմակերպության 301-րդ գրասենյակը:Այս թիվը Խաչիկ Ասրյանը կապեց Քրիստոնեության պետական կրոն հռչակելու տարվա հետ, ոգեշնչված խոսեց այն մասին, որ արծիվը թռչուն չէ լոկ, այլ ազատության խորհրդանիշն է, մեր ազգային նկարագրի և էության մեջ ապրող վեհ ձգտումն է: Մեծ թվով հորբատեղցիներ անդամագրվեցին կազմակերպությանը՝ խոստանալով, որ ցանկացած պահի պատրաստ են պաշտպանել Հայրենիքի սահմանները, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ բացվեն արշալույսները Հայաստանում, որպեսզի ոչ ոք չկարողանա մթագնել մեր երեխաների անդորրը:

Օրեր առաջ հակառակորդը Նախիջևան-Հայաստան սահմանին խլեց մեր երկու երիտասարդի կյանք, փորձեց մի նոր արկածախնդրություն սանձազերծել: Սակայն հատուցումը չուշացավ: Բայց մեր ժողովուրդը խաղաղության կողմնակից է, երբեք չի ձգտում դառնալ պատերազմի հրձիգ: Հետևաբար  «Հայոց արծիվներ»-ի գերխնդիրն էլ խաղաղության գաղափարի ամրակայումն է ամեն մի հայի մեջ: Եվ հանուն այդ գաղափարի  է կազմակերպությունը ձգտում ստեղծել նորանոր կառույցներ: Ավելացնենք, որ  Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթի ժամանակ խիստ կարևորեց «Հայոց արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին: Համայնքի բնակիչներին ներկայացնելով կազմակերպության գաղափարախոսությունը՝ նա  նշեց,   որ   գյուղապահպանությունը,   արտագաղթի   կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության: «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահությունը Հորբատեղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցին նվիրեց  մարզագույք: Խաչիկ Ասրյանը Հորբատեղ գյուղական համայնքի ղեկավարին և համայնքի դպրոցի տնօրենին նվիրեց նաև ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց արծիվների» խորհրդանիշ արծիվ:

Լ. Մութաֆյան

Վայոց ձոր, Հորբատեղ




Լրահոս