ԾԱՌԱՍՊԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին Դիլիջանի Խորհուրդների փողոցի բնակիչներից մեկը լսելով սոճիներ հատող բենզասղոցի ձայնը եւ տեսնելով հատված ծառերը, զանգահարել է ընկերոջը՝ Դիլիջանի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Խաչատրյանին: Վերջինս եկել, տեսել է սոճիների սպանդն ու վեճի մեջ մտել ծառերը հատողի` Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանի հետ: Արդյունքում Խաչատրյանն ապօրինի որսորդական հրացանով անզգույշ կերպով կրակել է Ս. Բաղդասարյանի ոտքին: Վերջինս տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Դեպքի քննությունը կատարում է ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքը:
«Ժողովուրդ»-ը բաժանմունքի պետ Գագիկ Իսպիրյանից հետաքրքրվեց, թե ծառերի հատումը նկատած դիլիջանցին ինչո՞ւ չի ահազանգել ոստիկանություն, բնապահպանական պետական տեսչություն կամ «Դիլիջան» ազգային պարկ, այլ՝ զանգահարել է ընկերոջը: Գ. Իսպիրյանն ասաց, որ քաղաքացին ճիշտ կվարվեր, եթե դիմեր հիշյալ կառույցներին: Նրա վկայությամբ՝ Արամ Խաչատրյանը Դիլիջանում հայտնի է որպես բնության համար սրտացավ անձնավորություն: Գ. Իսպիրյանից տեղեկացանք, որ հատվել է 12 ծառ, որից 9-ը գտնվում է ազգային պարկի ռեկրեացիոն գոտում: Ծառերի սպանդն իրականացրած Սոս Բաղդասարյանն ունեցել է 3 ծառի հատման թույլտվություն: Դեռեւս չեն կատարվել ապօրինի հատված ծառերի արժեքի, բնությանը պատճառված վնասի հաշվարկները:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ Սոս Բաղդասարյանը դիմել է քաղաքապետարան եւ Ազգային պարկի տնօրինությանը իր տան վրա թեքված, վտանգ ներկայացնող 3 սոճիների հատման թույլտվության համար եւ ստացել այն: Սակայն իր այգում գտնվող 3 սոճիները հատելուց հետո Ս. Բաղդասարյանը մտել է Ազգային պարկի տարածք եւ այնտեղ 9 ծառ հատել: Քաղաքապետն ասաց, որ այդ ծառերը տնկվել են խորհրդային տարիներին, որպեսզի սողանքային գոտում կանխվի հողի սահքը:
Նշենք, որ Սոս Բաղդասարյանը նախկինում 2 անգամ դատվել է: Իսկ Ա. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն դատարանը նրան գրավով բաց է թողել: «Դիլիջան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանից տեղեկացանք, որ Սոս Բաղդասարյանը բուժկենտրոն տեղափոխվելուց մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ կրակոցից փշրվել էր Բաղդասարյանի բազկոսկրը եւ վնասվել անոթներից մեկը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս